fbpx
Մարզեր

20:20 16/9/2019

10 հազար եվրո՝ Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման համար:

«Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքի աշխատանքներին եւ հույս հայտնեց, որ հանգանակած գումարով հնարավոր կլինի լուծել դպրոցում լաբորատոր հիմնել, դպրոցական գույք ձեռք բերել կամ ծախսել այլ կարիքների համար:

«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հաջորդ տարվանից իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկված է նաև Լեռնահովիտ համայնքի դպրոցը: Բնականաբար, ձեր կողմից հանգանակված 10 հազար եվրոն բավարար չի լինի դպրոցի շենքի կառուցման համար, սակայն այն կարող է ծառայել դպրոցին՝ դրա կառուցումից հետո: Գումարը կարող է պահպանվել բանկում կամ փոխանցվել դպրոցի հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:

Քանի որ գումարը ծախսելու առումով դեռեւս ժամանակ կա, ուստի «Վերագտնված երջանկություն» կազմակերծության ղեկավարն առաջարկեց՝ մինչև հաջորդ տարի ևս մեկ բարեգործական համերգ կազմակերպել: Կողմերը պայմանավորվեցին՝ առաջիկայում ևս մեկ քննարկում կազմակերպել և կայացնել վերջնական որոշում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ