Հասարակություն

1941թ․ այս օրը ճապոնական նավատորմը գրոհեց Փերլ Հարբոր ռազմաբազան

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նկարում պատկերված է ճապոնացի ռազմածովային մարշալ Իսուրուքու Յամամոտոն:

Առաջին հայացքից այս անունը ոչինչ չի ասում: Սակայն Յամամոտոն այն անձնավորությունն է, որը Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում ԱՄՆ-ին հասցրեց ամենացավոտ հարվածը: Նա ղեկավարում էր Ճապոնիայի միացյալ ռազմածովային ուժերի նավատորմը: Այն նավատորմը, որը 1941թ. դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան գրոհեց ռազմավարական նշանակություն ունեցող Փերլ Հարբոր ռազմաբազան:

Պատմության մեջ այս օրը 1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական նավատորմը Խաղաղ օվկիանոսյան ճակատում հարձակման ենթարկեց Հավայան կղզիներից մեկի վրա գտնվող ԱՄՆ Փերլ Հարբոր ռազմածովային բազան: Հարձակման ռազմավարական նպատակը ԱՄՆ Խաղաղ օվկիանոսյան ռազմածովային նավատորմի ոչնչացումն էր և Խաղաղ օվկիանոսյան ճակատում վերջնական վերահսկողություն սահմանելը:

Դեկտեմբերի 7-ի առավոտյան հարձակմանը մասնակցեցին հարյուրավոր ինքնաթիռներ, որոնք երկու հարվածային ալիքով ոչնչացրեցին Փերլ Հարբորը: Գրեթե 90 րոպե տևած հարձակման ժամանակ ոչնչացվեցին հարյուրավոր, նավեր և լինքորներ: Հարձակման արդյունքում զոհերի թիվը կազմեց 2400 մարդ: ԱՄՆ պատերազմ հայտարարեց Ճապոնիային: Մի քանի օր անց ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Նացիստական Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան: Փերլ Հարբորի գործողությունը, որը պատմության մեջ մտավ «Հավայան գործողություն» անվանմամբ՝ մանրամասնորեն պլանավորվել էր ադմիրալ Յամամոտոյի կողմից:

Ճապոնացիները մանրակրկիտ ուսումնասիրել էին ամերիկյան ռազմածովային նավերի տեղաշարժը և անգամ կարողացել էին հաշվարկել այն մաքսիմալ մոտիկ հեռավորությունը որին իրենց նավատորմը կարող է մոտենալ, որպեսզի ճապոնական ինքնաթիռները թռիչք կատարեն և գրոհեն ռազմաբազան: Ի հակադրություն դրա՝ ամերիկյան կողմի արտաքին հետախուզությունը կաղում էր: Անգամ այն ժամանակ, երբ ճապոնական կառավարությունը դիվանագիտական լեզվով վերջնագիր էր ներկայացրել ԱՄՆ-ին՝ նրանք միևնույն է չկարողացան հաշվարկել, թե որտեղ է լինելու հարվածը: Բացի այն որ ճապոնական կողմը փայլուն կերպով գաղտնի էր պահել բուն գործողությունը՝ նրանք նաև կարողացել էին ապակողմնորոշել ամերիկացիներին:

Մասնավորապես ճապոնական ծովում զորավարժություններ էին իրականացնում նավեր, որոնք օգտագործում էին նույն նշանաբառերը, որոնք նախատեսված էին գրոհող նավատորմի համար: Ռուզվելտը 1941թ. դեկտեմբերի 7-ը անվանեց «Ամոթի օր»: Ավելորդ չէ նշել, որ ԱՄՆ-ն դասեր քաղեց այս ողբերգությունից և սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքին հետախուզությանը: Եթե նախկինում արտաքին հետախուզությունը նույնպես իրականացվում էր ՀԴԲ-ի կողմից, ապա հաշվի առնելով Փերլ Հարբորի դասերը՝ 1947թ. ստեղծվեց ԿՀՎ-ն: Ինչ վերաբերվում է Յամամոտոյի ճակատագրին, ապա ամերիկացիները ամերիկացիներ չէին լինի եթե չպատժեին հանդուգն ադմիրալին: Մշակվեց գործողությունների ծրագիր: 1943թ. ամերիկյան հետախուզությունը «Մեդժիք» գործողության շրջանակներում կարողացավ որսալ և ապակոդավորել Յամամոտոյի ապագա երթուղիների մասին տեղեկությունները: 1943թ. ապրիլի 18-ին «Վրեժ» գործողության շրջանակներում՝ նախապես տեղեկանալով ադմիրալի թռիչքի մասին՝ ամերիկյան ինքնաթիռները Գուադալկանալ կղզուց թռչեցին դեպի ադմիրալի ինքնաթիռի և նրան ուղեկցող ճապոնական կործանիչների՝ «Զեռո»-ների ուղղությամբ:

Տեղի ունեցած օդային մարտի ժամանակ հենց արձակված փամփուշտներից սպանվեց Յամամոտոն, իսկ նրա ինքնաթիռը ընկավ ջունգլիներում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ