Իրավական

Մանկան տուն ՊՈԱԿ-ի 2 աշխատակցուհիներ ձերբակալվել են` սաներին բռնության ենթարկելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք դրսևորելու դեպք:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2020թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննոթյուններ:

ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ