fbpx
Իրավական

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. Արթուր Դավթյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյաի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ քիչ առաջ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերլուծությունը ակնհայտորեն վկայում է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ: Այս մասին գրում է Armtimes.com-ը։

«Զավեշտալի ենք համարում, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է այն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները: Մեր գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարատատություն իրականացնելուց խուսափելու միտում: Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանին փաստարկված և մանրամասն ներկայացվել է Սահամանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը՝ հանցավոր սխեմայի առաձին փուլերով և դրանք վկայով ապացույցներով»,- նշեց Դավթյանը:

Խոսելով Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագի մասին, դատախազն ասաց, որ դատարանում մանրամասն ներկայացվել է գործում առկա ապացույցները, դրանց կապն ու վերլուծությունը ի հիմնավորումն մեղադրանքի, մասնավորապես գործով անցնող վկաների ցուցմունքները: «Դատարանը բացարձակ սեփական դիրքորոշում չի հայտնել նշվածի առնչությամբ՝ արձանագրելով միայն սույն դրվագով նախաքննության փուլում հիմնավոր կասկածը մերժած դատարանների դիրքորոշումները, կրկին մոռանալով, որ նախորդ փուլերում դատարանները այդ չափ նյութ իրենց ձեռքի տակ չեն ունեցել ձեռքի տակ»,- ասաց նա:

Վերջինս անդրադառնալով կաշառքի դրվագին՝ ասաց, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել, որոնց վերաբերյալ քննության ողջ փուլի ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել: Այդ մասին ըստ դատախազի՝ լռել է նաև մեղադրյալը:

«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որպիսիք բացառել են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքերի հանգամանքը»,- հայտարարեց գլխավոր դատախազը, ապա հավելեց.

«Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում և կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Գործով մեղադրյալներ են այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում 10 անձինք են զոհվել, որոնց սպանությունների շղթայական բացահայտումն ակտիվ ընթացքի մեջ է։ Նման բարդ սխեմայի, մյուս կողմից քննության ակտիվ ընթացքի պարագայում ակնհայտ չէ՞ արդյոք գործում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիան»,–հայտարարեց նա։

Անդրադառնալով դատական նիստերի ընթացքում դատավարության մասնակիցների դրսևորած որոշակի վարքագծին, ՀՀ գլխավոր դատախազը դատավորին կոչ արեց չտրվել սպառնալիքներին. «Ձեզ հնչում են հորդորներ, սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումներով, որ ամեն մեկը իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության, բանականաբար, այլ նպատակներ են մեր ենթադրությամբ հետապնդում։ Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արած համար է պատասխան տալու, հենց այս դատավարությունը դրա վառ վկայությունն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը արվեց գործով մեղադրյալի կողմից»,-իր ելույթը եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ