fbpx
Խորհրդարան
23:59 27/03/2019

20 տարի ունենք իրավիճակ, երբ ոչինչ չի փոխվում, նոր գումարի տրամադրումը ոչինչ չի փոխելու. Վարազդատ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ի Ազգային ժողովի նիստի ընթացքում դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ գյուղմթերքի շուկայում կա գնաճ, բայց որոշ ապրանքախմբերի դեպքում էլ կայուն գներ են: Նա գների վրա ազդելու համար գյուղմիավորումների ստեղծման ՀՀ վարչապետի առաջարկին անդրադարձավ, նշեց՝ երկարաժամկետ առումով դա պետք է լինի լուծումը, բայց կարճաժամկետ առումով այս տարի հաստատ չեն միավորվելու, ուստի 100 հազարավոր տնտեսություններ տուժելու են:

«20 տարի ունենք իրավիճակ, երբ ոչինչ չի փոխվում, նոր գումարի տրամադրումը ոչինչ չի փոխելու, չաշխատող շարժիչի մեջ անընդհատ յուղ լցնելը ոչինչ չի փոխելու»,- ասաց նա:

ՀՀ վարչապետն արձագանքեց, որ սուբսիդավորման ծրագրում խնդիրը փող ունենալ-չունենալը, փող տալ-չտալը չէ, պետք է հասկանալ՝ դրա ծախսման արդյունքում ինչի են հասնելու, քանի որ ավանդական, անարդյունավետությունն ապացուցած գաղափար է՝ «փող տանք»:

«Փողը ծախսվեց, հետո՞ ինչ, հաջորդ տարի էլի փող տանք, դե անընդհատ փող տանք, որի արդյունքում էդ մարդը նորից էդ փողի կարիքը կունենա: Մենք, այսպես ասած, «նարկոտիկ» ենք ստեղծում, նրան անընդհատ դա տալիս ենք, չենք նկատում, որ այդ քաղաքականությունն արդյունք չի տալիս, քանի որ 5 տարի եթե տվել ենք, 6-րդ տարում նույն բանի համար էլի ուզում է, և իրավիճակը չի փոխվում, այլ վատացել է, նշանակում է՝ աննպատակ ենք ծախսել»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փողը դնել մարդու ինֆրաստրուկտուրայի, գիտելիքի զարգացման վրա:

«Ասում ենք՝ մեկ է, այս տարի էլ չենք հասնելու, եկեք այս տարի էլ չսկսենք: Նույն սահմանամերձ գոտում մարդուն ասում ենք՝ կապիտալ ներդրում արա, 100 դոլար ծախսի, դրանից 70-ն առձեռն հետ ենք տալիս, սրանից ավելի սուբսիդիա է լինո՞ւմ: Մենք պետք է զարգացման վրա գումար ծախսենք, պետք է այսօրվա առօրյա խնդիրը լուծելու համար փող չծախսենք այն դեպքերում, որ այսօր այդ խնդրի վրա փող ծախսեցինք, վաղն առավոտ 8-ից նույն խնդիրը ծագելու է»,- նշեց Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ