Հունիսի 6-ին Ազգային ժողովում շարունակվում են 2018 թ. «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել:
Ջանջուղազյանը պարզաբանեց. «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության տեսակետից, այս միջոցներն օգտագործվում են չբավարարող մասը ֆինանսավորելու համար: Առաձնահատկությունը նպատակային ծրագրերից հենց այն է, որ ոչ թե կոնկրետ խումբ ծախսերի համար է, այլ պակասուրդը, ճեղքը լրացնելու համար: Սրանց տակ կոնկրետ ծախսեր չկան դրված»:
Այնուհետև նախարարը անրդադարձավ քաղաքականության միջոցառումներին անդրադարձավ, նշեց՝ որոշակի հանձնառություններ են ստանձնել որևէ ոլորտում քաղաքականության միջոցառումներ իրականացնելու համար, դրա կատարման աստիճանից կախված է դրամաշնորհային միջոցների հատկացումը: Նախարարն ընդգծեց՝ բյուջեում դրանք որպես ծրագիր նախատեսված չեն, բերեց օրինակ:
«Ասում ենք՝ ծրագրային բյուջետավորման ժամանակ «գենդերային բյուջե» հասկացությամբ մաս կունենանք: Հիմա, օրինակ, դա ներդրել ենք, դրա հետ կապված՝ չենք իմացել, թե ինչ պետք է անենք, քանի որ աշխարհում առաջինն էինք, որ պիտի անեինք: Ես պայմանական եմ ասում, այն ամբողջ գումարը, որ ուներ տարբեր բաղադրիչների համար հատկացումներ, որից պայմանական 800 հազարը գենդերային բյուջեի հետ էր կապված, դա չենք ստանա, քանի որ չենք արել որևէ գործողություն, իսկ մնացածը կստանանք, դրա համար ԵՄ գնահատող առաքելությունը գնահատել է, արձանագրել է, որ դա կատարվել է, էդ չափով հատկացումը տրվել է»,- հավելեց Ատոմ Ջանջուղազյանը:
Սերգեյ Բագրատյանը, հարցն ավելի կոնկրետացնելով, հետաքրքրվեց. որքա՞ն ազատ տնօրինվող դրամաշնորհ է ստացվել այս տարի, ինչին ի պատասխան Ջանջուղազյանն ասաց, որ որևէ գումար այս տարի չի ստացվել, ստացվեր էլ, չէր կարող որևէ նպատակով օգտագործվել:
«Կան ողջամիտ կասկածներ, որ՝ ա՛յ, Ձեր ասած նպատակներով՝ «գենդերային ֆինանսավորում», կան դրամաշնորհներ՝ այլ նպատակներով օգտագործելու: Կասկածներ կային, որ պետք էր փարատել»,- ասաց Բագրատյանը: