fbpx
Հասարակություն

2020-ին գյուղոլորտում ՀՆԱ-ի 1.4 տոկոս աճ է գրանցվել․ Արման Խոջոյան

2020-ին գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Խոջոյանը, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նշել է, որ 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000: Նրա խոսքով՝ պետական օժանդակության ծրագրերի շարքում՝ 2020-ին մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգերծության ծրագրի շրջանակում. 2019-ի 53.2 հա համեմատ 2020-ին ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ 2021-ին Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ:

Արդյունավետ ընթացք է ստացել նաև տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը, որը կատարվել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փոտրվարի 15-ից ծրագիրը կգործի նաև Սյունքի մարզում։

Անդրադառնալով մթերման գործընթացին՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ 2020-ին մթերվել է 98000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11000 տ ավելի է նախորդ տարվանից: Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021-ին Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ասել է Խոջոյանը:

Վարչապետը տեղեկացվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների և առաջիկա աշխատանքների մասին. ՀԲ վարկային միջոցներով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվել է «Անասնաբուժական սպասարկման կենտրոն», Ագրարային համալսարանի անասնաբուծության ֆակուլտետի լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, 8 համայնքում ավարտվել է արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարությունը: 2021թ․«Անասնաբուժական սպասարկման կենտրոն» կկառուցվի Լոռու մարզի Թումանյան համայնքում, 11 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքներ, նախատեսվում է 70 համայնքում կառուցել կենդանիների հավաքատեղիներ, որոնք ծառայելու են կենդանիների համարակալմանը և պատվաստմանը:

Խոջոյանը նշել է, որ 2021-ի համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն, և վերոնշյալ ծրագրերը, արձանագրված ռիսկերի գույքագրումից և բարելավումից հետո, շարունակում են իրականացվել: Առաջիկայում կներկայացվի նաև Հայաստանում գարնանացան հացահատիկային հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ