Քաղաքականություն
17:50 27/12/2019

2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն․ Սասնա ծռեր

Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«Մեր նպատակն է ստեղծել ազգային ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը: Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ, համակարգային փոփոխությունների գործընթացը ձախողման եզրին է:

Հայաստանը՝ Արցախը ներառյալ, մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության որպես համակարգի, բոլոր 4 հիմնական բաղադրիչների՝ պետական, արտաքին հարաբերությունների, սոցիալ տնտեսական և սոցիալ մշակութային մասով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, արդարությունը, շրջակա միջավայրը»,-ասաց նա:

Ավետիսյանի խոսքով՝ այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններկատարելու բավարար կամք և կարողություն:

«Պետության ղեկն ստանձնելու օրվանից գործող իշխանությունը անտեսել կամ զրոյացրել է մեր և այլ ուժերի բոլոր առաջարկությունները։ Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ, իրական սպիտակների բևեռ:

Նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ: Այդ բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:

Արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը

Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն»,-ընդգծեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ