2026 թ․ ընտրություններ․ «4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ Հայաստանի Հանրապետություն

Հրապարակող՝

hh karavarutyun hraparak

Ամենադիտվածներ

Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է 2026 թ․ ընտրություններին։ Բոլորի համար պարզ է, որ այդ ընտրությունների արդյունքում վճռվելու է Հայաստանի ապագայի հարցը։ «4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ Հայաստանի Հանրապետություն, այս հարցն է դրված լինելու առաջիկա ընտրություններում։ Այլ կերպ ասած՝ դրված է լինելու մի կողմից ՀՀ-ի փոխարեն Էրմենիսթան վիլայեթի ձևավորման քաղաքական դանդաղ գործընթացի ապահովման խնդիրը, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի ու նշանակության վերարժևորման կամ հստակեցման խնդիրը։

Հարկ է նկատել, որ երկրորդ խնդրի ձևակերպման ու լուծման հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական հսկա շերտին։ Բայց, ցավոք սրտի, դեռևս ոչ մի ուժ մինչ օրս չի կարողացել հստակեցնել, թե որն է Հայաստանի Հանրապետության գոյության ու զարգացման տեսլականն առաջիկա տարիների համար, երբ աշխարհում ու նաև մեր տարածաշրջանում դեռևս հստակեցվում են նոր աշխարհակարգի սահմաններն ու սկզբունքները։ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեն ո՛չ առաջարկ, եւ ո՛չ էլ անգամ պատկերացում, թե ինչպիսի Հայաստանի Հանրապետություն է պետք կառուցել ապագայում՝ որպես անկախ պետություն աշխարհի քաղաքական ընտանիքի մասը մնալու և դրա հետ մեկտեղ հայ ժողովրդի դարավոր իղձերն ու նպատակաները կյանքի կոչելու համար։

Ներկայումս հայ քաղաքական միտքը մոլորվել է իր ավանդական քաղաքական բանաձևի սահմաններում՝ փորձելով աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեսնել մի կողմում Ռուսաստանին (Չինաստանին), իսկ մյուս կողմում՝ Արևմուտքին։ Սակայն, մեզ հուզող հիմնական հարցը բոլորովին էլ այդ դիխոտոմիան չպետք է մնար։ Այսօր հայ քաղաքական միտքը պետք է կենտրոնանար աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր տարածաշրջանային ուժի՝ Թուրքիայի զարգացումը կասեցնելու ճանապարհներ գտնելու վրա՝ շատ լավ հասկանալով, որ թուրքական (թուրանական) աշխարհում անկախ Հայաստանի Հանրապետություն չի կարող լինել, եւ անգամ՝ Մերձավոր Արևելքում հայ ժողովրդի գոյությունն է հարցականի տակ։ Այո՛, այսօր Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան հարցը մեր քաղաքական օրակարգում դրված չպետք է լինի, քանի որ Թուրքիան և՛ Արևմուտքին է ներկայացնում, և՛ Ռուսաստանին, իսկ Փաշինյանի վարչախումբը՝ իրականում ո՛չ Արեւմուտքին եւ ո՛չ էլ Ռուսաստանին։ Ու այդպես է լինելու առաջիկայում, մինչև որ կհստակեցվի նոր աշխարհակարգի ինչ լինելը։ Թուրքիան այդ հարցում շատ ավելի առաջադեմ է և կողմնորոշվելու ու «ճամբարափոխ» լինելու որևէ խնդիր չունի։ Այդ մենք ունենք խնդիր աշխարհը լավ հասկանալու և ցանկացած իրավիճակում սեփական պետական շահերը առաջ մղելու հարցերում։

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է 2026 թ․ ընտրություններին։ Ու հիմնախնդիրը, որը շարունակաբար մնում է անլուծելի, ընդդիմադիր քաղաքական միավորների պետական գաղափարական հայեցակարգերի ու ծրագրերի բացակայությունն է մնում։ Դրա փոխարեն հայ քաղաքական գործիչները շարունակում են հանդես գալ բովանդակազուրկ, ապագաղափարական առաջարկներով ու քայլերով, որոնք նրանց ոչ մի քայլ առաջ չեն տանում Հայաստանի ընտրողների վստահությունը շահելու հարցում՝ ձևավորելու համար այնպիսի պատկերացում, որտեղ առարկայական կլինի, թե ինչպիսի Հայաստան են իրենք կառուցելու, եթե ստանան ընտրողների մեծամասնության քվեն։

Սարո Սարոյան

Ամենաթարմ