Ազգային ժողովի այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 հազար 500 դրամ, որից ցածր կենսաթոշակ Հայաստանում ոչ ոք չպետք է ստանա։ ԱԺ-ում այս նախագիծը ներկայացնելիս աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ասաց, որ դա արվում է ծայրահեղ աղքատությունը բացառելու համար։
«Այսինքն` 25 հազար դրամ տվեցիք մարդկանց, ու նրանք այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն։ Ես ճի՞շտ հասկացա»,- արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Փոխնախարարը բացատրեց, որ այդքան պարզ չէ իրավիճակը․ որպես անհատ՝ այդ թոշակառուն կանցնի ծայրահեղ աղքատության շեմը, բայց աղքատությունը հիմնականում այլ կերպ է հաշվարկվում՝ ընտանիքի կազմով, ու եթե որպես անհատ կենսաթոշակառուն հաղթահարել է այդ շեմը, նա կարող է շարունակել մնալ աղքատ ընտանիքի անդամ։
Նա ասաց, որ միայն այս նախագծով չի լուծվելու ծայրահեղ աղքատության խնդիրը։
