Ճիշտ չեմ համարում, որ 25 տարեկան դատավորը մարդու ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնի: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Խոսքը Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին է, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25:
«Ես կողմնակից եմ մեր երիտասարդների համար, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է իրենց հնարավորություն տրվի, բոլոր պայմանները, բայց 25 տարեկան երիտասարդը մարդու կյանքում որոշում կայացնելու…
Ամբողջ աշխարհում, օրինակ, Ամերիկայում, Անգլիայում, դա չի ընդունվում: Խնդրեմ, գնացեք, նայեք: Ասում եմ՝ 25 տարեկանից թող լինեն դատավորներ տնտեսական հարցերով, բայց քրեական, ընտանեկան հարցերով դատավորները պետք է լինեն 35, 45 տարեկանից բարձր, որովհետև նրանք որոշում են մարդու ճակատագրեր»,-ասաց Ծառուկյանը:
Նշենք, որ երեկ Ազգային ժողովում «Դատական օրենսգրքի փոփոխությունների» փաթեթի վերաբերյալ քվեարկություն տեղի ունեցավ: Նախագծին կողմ քվեարկեց 76, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Գործուղման մեջ գտնվող ևս 11 պատգամավորի կողմից ծրարով կողմ ձայները գումարելով՝ նախագիծն ընդունվեց: