fbpx
Աշխարհ

30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիի մարտերի պատճառով

30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը: Այս մասին նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 25-ին:

ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրադրությունը Տրիպոլիի շրջանում կտրուկ վատթարացել է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված է եղել հեռանալ իր տնից։ Այն շրջաններում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, դիտվում են էլեկտրականություն մատակարարման հետ կապված խափանումներ:

«Մենք ամենից ավելի մտահոգված ենք խաղաղ բնակիչների ճակատագրով, որոնք ապրում են մարտական գործողությունների գծի մերձակայքում: Խիտ բնակեցված շրջաններն աստիճանաբար վերածվում են մարտադաշտերի»,-հայտարարել է Տրիպոլիում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավար Յունես Ռահուին:

Նրա խոսքով՝ համատարած ռմբակոծումների պատճառով բուժաշխատողների համար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում վիրավորների տեղափոխումը:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան և Սուրման քաղաքների նկատմամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ