fbpx
Զինված Ուժեր

Կամավոր Յուրիկ Սարգսյանը պատերազմ գնաց մեծ ոգևորությամբ՝ պաշտպանելու բոլորի անդորրը

«Ապրիր հայրենիք, և ես կապրեմ քո մեջ»,- 36-ամյա կամավոր Յուրիկ Սարգսյանը դեռ մանկուց այս խոսքերով էր առաջնորդվում՝ հայրենիքը վեր դասելով ամեն ինչից։ Մոր հայրենասիրական ոգով դաստիարակված՝  պատերազմի սկսվելուն պես Յուրիկը կամավորագրվում է։

«Երեխայի մաքրություն կար Յուրիկի մեջ»,-բոլորը այսպես են բնութագրում նրան։

Հարևանուհին՝ Անահիտ Անանիկյանը, Յուրիկի մասին խոսում է՝ արցունքները ժպիտի տակ քողարկելով, պատմում է՝ նրան բակում Ժպտիկ Յուրո էին ասում, ինքը երբեք տխուր չէր լինում։ «Միշտ բարի ու հասնող էր Յուրոն։ Իր մեջ չկար ինչ-որ մեկի հանդեպ վատատեսություն, չարություն»։

Յուրիկը պայքարող տեսակ է եղել և մեծ հեղափոխական, ով մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին և 2018 թվականի հեղափոխությանը։ 

Մայրը՝ Կարինե Վարդանյանը պատմում է, որ պատերազմի լուրը լսելուց հետո Յուրիկը շտապել է զինկոմիսարիատ։ Մինչև պատերազմն էլ հաճախ է Արցախ գնացել, զինվորներին ծնողներին էր Արցախ տանում։  «Վերջերս սովորել էր, էլ Ղարաբաղ չէր ասում, երբ իրենց տարել էին զորավարժությունների, զանգեցի ասեմ՝ Յուրա ջան, գնացիք չեկաք է։ Ասաց՝ մամա, մենք տեղ ենք հասել, ասեցի՝ ու՞ր այ բալա, ասեց՝ Արցախ ենք եկել, նենց հպարտ  ասաց Արցախ»։

Յուրիկը սպասել է իր հերթին, բայց մինչև գնալը շատ ծանր հոգեբանական վիճակում է եղել։ Մայրը պատմում է, որ Եռաբլուր չէր մտնում, որ չտեսներ օր օրի ավելացող գերեզմանները։ «Մի անգամ էլ մարդ էր տարել Եռաբլուր, ասել էր՝ խնդրում եմ, չեմ կարա առաջ գնամ, դուք իջեք, գնացեք, ասումա՝ մամա դու տեսնեիր քանի էքսկավատր էր էդտեղ աշխատում, քանի հոգու տեղ էին փորում, փորում ու չէին հասցնում ու ինչ իմանար, որ մեկը իրա համարա փորվում»,- հուզված պատմում է տիկին Կարինեն։

Հարևանուհին՝ Անահիտը, պատմում է, որ երբ եկել է Յուրիկի հրամանը՝ մարտադաշտ շտապելու, տանը մի փոքր վիճաբանություն է եղել։ «էդ օրը մեկ էլ տեսնեմ գոռգոռոցներա գալիս տնից, մեկ էլ ասեմ՝ Կարին, ի՞նչ է եղել, Յուրիկի ինչի՞ է գոռում, մայրը ասումա՝ ժեկից թուղթն են ուղարկել, չէինք գնացել բերելու։ Գոռում էր ինչի իմ թուղթը ժեկից չէիք բերել։ Ոնց էր ուրախացել, որ իրա թուղթ եկելա ինքը պիտի գնա պատերազմ։ Չեմ տեսել, որ մարդը էդքան ուրախ գնա պատերազմ։ Փորձում էի համոզել, որ չգնա, ասում էի՝ Յուրիկ ջան, քարը փեշիցդ թափի, միքիչ էլ սպասի, ասում էր՝ Անո քուրիկ, իմ երկու երեխուն, մորս, քեզ ով պաշտպանի, որ ես չգնամ, ու մեծ բավականությամբ ուրախ-ուրախ գնաց պատերազմ »։

Յուրիկը մարտադաշտ է գնացել հոկտեմբերի 22-ին «Իրենց սկզբից տարել են Կարմիր Շուկա, հետո իջեցրել են Մոնթեավան, բերել Մարտունի 2, էնտեղից էլ արդեն ամսի 5-ին Շուշի են իջացրել»,-պատմում է մայրը։

Տիկին Կարինեն և հարևանուհին ասում են, որ պատերազմ գնալուց հետո Յուրիկի հայացքը փոխվել էր։ «Հինգ օրվա մեջ նայում էի նկարներին ու անասելի տարբերությունը, ոնց է ծերացել, վրեժը աչքերին, որ բարությունը իր աչքերից գնում էր էտեղ վրեժով լցված էր»,-արտասվում է մայրը։

Գնալու օրը հրաժեշտ տալիս Յուրիկը հորն ասել է, որ մորը լավ նայի։ «Գնալու օրը իրիկունը նստած էինք, դուրս գալուց մենակ որ պետքա արդեն ճանապարհեինք, հորը ասեց՝ Ռուբ, մայրենիքիս լավ կնայես, մինչև գամ, իսկ վայենկոմատում էլ, որ արդեն ճանապարհում էին, ասեց՝ մամ, պապային լավ կնայես, մինչև գամ հասնեմ, երևի ինքը զգում էր իր հետ չգալը»։

Յուրիկը զոհվել է նոյեմբերի 6-ին դիպուկահարի կրակոցից՝ Շուշիում։ «Քանի տարի Ռուսաստան էր գնում, բայց վերջին ասում էր՝  մամա, ինձ գլխից խփեն դուրս չեմ գա իմ Հայաստանից, դուրս չեկավ ու գլխից էլ խփեցին ու դուրս չեկավ»։

Յուրիկը ամուսնացած է, ունի 2 դուստր, իսկ երեխաների համար շատ լավ ծնող է եղել։

«Երեխեքը նամակ էին գրել Յուրիկին, որ գնացինք ուչեբկա տարանք, իրենց ջոկատի տղաները ասում էին՝ Յուրիկին երկու անգամ ենք տենց տխուր տեսել, ասինք՝ հը՞ն ժպիտ, ինչա՞ եղել, ասեց՝ ես իմ երեխեքի նամակներն եմ կարդում, նենց եմ գոջեքիս կարոտել։ 

Տիկին Կարինեն ասում է, որ ամեն օր պարտադիր 2 անգամ խոսում էր որդու հետ,- «Ամեն օր երկու անգամ զանգում էր ու ասում էր՝ մայրենիք, զանգել եմ, որ ձենս լսես ու հանգիստ լինես։ Զոհվելու առավոտյան էլ էր զանգեց, ասեց, որ գնումա Քարվաճառ, ասեց՝ հասնեմ տեղ կզանգեմ ու մինչև օրս սպասում եմ, որ հասնի ու զանգի, ամեն առավոտ»։

Հարևանուհին՝ Անահիտը, ասում է, որ Յուրիկի զոհվելու մասին իմացել է նոյեմբերի 6-ին, բայց իր մեջ ուժ չի գտել ծնողներին ասելու համար,- «Երեկոյան մեր հարևանը զանգեց, թե իջի ներքև, բան եմ ասելու, բայց հանգիստ կիջնես, Կարինեին բան չասես։ Իջա, ամբողջ հայաթը հավաքված՝ բոլորը գիտեն արդեն, հիմա չեմ կարողանում տուն գալ։ Շատ անտանելի օր էր, գողեգող եկա, որ իր ծնողներին չհանդիպեմ»։

Յուրիկի զոհվելու մասին ծնողներին ասել են նոյեմբերի 7-ին։ «էդ օրը ամուսնուս ծնունդն էր, սպասում էինք, որ կզանգի կշնորհավորի, աղջիկս տորթ էր բերել, Յուրիկս էդ օրը  պիտի գար, որ պապային անակնկալ անեին, բայց սենց անակնկալ երբեք չէր արել»։

Յուրիկի մոր նման մեծարել է ազգային հերոսներին, շատ կուռքեր է ունեցել, որոնց մեջ առաջին տեղում հայ զինվորն էր։ «Իրա կուռքերը Մոնթեն ու Արկադի Տեր Թադևոսյանն էին, բայց իր համար զինվոր հասկացողույթյունը, հերոս հասկացողությունը դա մի ուրիշ աշխարհ էր։ Ինքը ապրում էր էդ հերոսներով, մեքենայի հետևի ապակու վրա խփում էր հերոսների նկարները, հերթով փոխում էր, Մոնթեինը միշտ կար ու մեքենան էլ նոր էր առել, ասեց՝ մամ գնամ, գամ, Ալբերտ Հովհաննիսյանի նկարն էլ կպցնելու եմ Մոնթեիս կողքը»։

Աշխատասեր, քարից հաց քամող, բարի, ընկերասեր, հայրենասեր ու ծնողասեր Յուրիկը, ով երկրային կյանքում խաղաղության աղավնի էր, այժմ երկնքում է հսկում բոլորի անդորրը։ 

Հերոսածին մայրը ասում է՝ թող ինքը լինի վերջին մայրը, որ զավակի կորստի ցավ է զգում ու թող ոչ մի զավակ առանց հայր չմեծանա։

Տիկին Կարինեն, ով փոքրուց է որդու մեջ սերմանել հայրենասիրություն, վստահ է, որ շուտով Հայաստանն անպայման ուղղելու է իր մեջքը։

Լիլիթ Խլղաթյան, Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ