42 Երևան ծրագրավորման անվճար դպրոցը, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին, արդեն ընդունում է գրանցման հայտեր:
Դպրոցում կարելի է ուսումնասիրել հետևյալ ուղղությունները՝ արհեստական բանականություն, կիբեր անվտանգություն, հավելվածների և խաղերի ստեղծում, ցանցեր և ամպային տեխնոլոգիաներ, կրիպտոգրաֆիա, համակարգչային գրաֆիկա, կայքերի ստեղծում, տվյալագիտություն, ցանցային ադմինիստրացիա: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի՝ Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը և 16 այլ քաղաքներ՝ ամբողջ աշխարհում:
42-ի կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցման պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները թիմային աշխատանքով:
Ուսումնական պլանը առաջարկում է 100-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում և պրակտիկա: Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
42 Երևանում ուսումն ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի:
Հավելենք, որ մարտի 12-ին, ժամը 18:30 Թումո Երևանում կանցկացվի 42 Երևանին նվիրված տեղեկատվական հանդիպում:
Գրում է Itel-ը։