ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին:
«Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում:
Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և երկար ժամանակ սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Հույս ունեմ, որ այս իրադարձությունները և այն իրավիճակը, որ մենք ունենք, կհամոզեն Ադրբեջանին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց հակամարտության համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է Փաշինյանը: