fbpx
Հասարակություն

80 տարի առաջ այս օրը Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ աշխարհամարտը

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուղիղ 80 տարի առաջ այս օրը սեպտեմբերի 1-ին գերմանական հարձակումով Լեհաստանի վրա սկսվեց
50-60 միլիոն մարդու կյանք խլած Երկրորդ աշխարհամարտը: Այս առթիվ կարելի է մի քանի մասնագիտական հետաքրքիր փաստեր նշել այս կարևոր իրադարձության համատեքստում:

1. Պատերազմի մեկնարկից 8 օր առաջ գերմանական կողմը պայմանագիր կնքեց ԽՍՀՄ-ի հետ, որը պատմության մեջ մտավ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ անվանմամբ: Կողմերը աշխարհամասում կատարեցին ազդեցության գոտիների բաժանում: ԽՍՀՄ-ին գոտի սկսեց համարվել Մերձբալթյան տարածաշրջանը, Արևելյան Լեհաստանը, Ֆինլանդիան, Բեսարաբիան:

2. Պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց Լեհաստանի վրա արևելքից գերմանացիների հետ պայմանավորվածության համաձայն հարձակվեց ԽՍՀՄ-ը:

3. Սեպտեմբերի 22-ին համատեղ օկուպացված Լեհաստանում գերմանական Վերմախտը և Խորհրդային Կարմիր բանակը համատեղ զինվորական շքերթ իրականացրեցին:

4. Երբ սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա նրան անմիջապես պատերազմ հայտարարեցին Անգլիան, և Ֆրանսիան: Սակայն որևէ գործնական քայլ չկատարեցին: Ֆրանսիական զորքերը շարված էին գերմանական սահմանի վրա, սակայն որևէ շարժ չկար: Պատերազմի այդ փուլը կոչվեց Տարօրինակ պատերազմ անվամբ:

5. ԽՍՀՄ-ը հազարավոր տոննաների պարենամթերք և նավթ էր մատակարարում գերմանական կողմին: Ընդորում մատակարարման վերջին գնացքը խորհրդա-գերմանական սահմանն էր անցել 1941թ. հունիսի 21-ի գիշերը: Գերմանական հարձակումից ժամեր առաջ:

6. Լեհաստանի օկուպացիայից հետո գերմանական կողմը իր հայացքը ուղղեց դեպի արևմուտք: 1940թ. հունիսի 14-ին ընկավ Փարիզը: Որի առթիվ Ստալինը շնորհավորական հեռագիր ուղարկեց Հիտլերին:

7. Ֆրանսիան օկուպացվեց և ստեղծվեց Վիշի մարիոնետ վարչակարգը:

8. Անգլիական էքսպիդիցիոն բանակը ֆրանսիական կենդանի մնացած փոքրաթիվ միավորումների հետ կարողացավ Դյունքերկով նավերի միջոցով էվակուացվել դեպի Մեծ Բրիտանիա:

9. 1940թ. հուլիս ամսից սկսվում էր պատերազմի մի փուլ, որը կոչվեց «Բրիտանիայի համար մղված ճակատամարտ»-ի փուլ:

10. Պատերազմը տեղի էր ունենում ոչ միայն եվրոպական ճակատում այլև, կար Աֆրիկյան ճակատ և Խաղաղօվկիանոսյան ճակատ: Խաղաղօվկաինոսյան ճակատում այն ամբողջ թափով ընթացավ, երբ 1941թ. դեկտեմբերի 7-ին ճապոնական օդուժը հարձակվեց ԱՄՆ Պերլ Հարբոր ռազմաբազայի վրա, որի արդյունքում ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ:

11. Աֆրիկյան ռազմաճակատում 1942թ. աշնանը եգիպտական Էլ-Ալեմայնե քաղաքի մոտակայքում բրիտանական ուժերը Ֆելդմարշալ Բեռնար Մոնտգոմերիի գլխավորությամբ ջարդեցին Էրվին Ռոմելի գլխավորած գերմանո-իտալական ուժերին: Հյուսիսային Աֆրիկայում ուժերի հարաբերակցություն փոխվեց և դա անգլիացիների առաջին հաղթանակներից էր: Չերչիլը նշում էր «Մինչ Էլ-Ալեմայնեն մենք որևէ անգամ չէինք հաղթել: Էլ-Ալեմայնեյից հետո, մենք որևէ անգամ չպարտվեցինք»

12. Խաղաղօվկիանոսյան ճակատում կարևոր ճակատամարտերից էր 1942թ.ամռանը Միդուեյի ծովային ճակատամարտը: Մի քանի օր տևած այս ճակատամարտը բեկումնային էր խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում: Միդուեյ կղզու վրա գտնվում էր ամերիկյան ծովային ռազմաբազան, որը դարձավ ճապոնացիների հարձակման թիրախը:

Հունիսի 4-ի գիշերը ճապոնացիների կայսերական ծովային ուժերի փոխադմիրալ Նամուգոյի հրամանով 72 միավոր ռմբակոծիչներ և 36 կործանիչներ սկսեցին գրոհը:

Ամերիկական ինքնաթիռները և հակաօդային հրետանին զգալի կորուստներ պատճառեցին ճապոնացիներին: Ընդհանուր առմամբ մարտերը տևեցին մի քանի օր, որոնց ընթացքում ճապոնական կողմը կորցրեց 4 ավիակիր, մոտ 200-ից ավել ինքնաթիռ և տվեց մոտ 2.5-3000 զոհ: Այս պարտությունով Ճապոնիան կորցրեց ռազմաճակատում իր գերիշխող դիրքը:

13. Երկրորդ աշխարամարտում եղան մի քանի հետաքրքիր դեսանտային գործողություններ, որոնցից տեղին է վերհիշել երկուսը: 1943թ. հուլիսի 9-ին Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանակներում դաշնակիցների զորամիավորումները սկսում են կարևորագույն դեսանտային գործողություններից մեկը: «Հասկի» գործողության դաշնակիցների զորամիավորումները մի քանի օրվա ընթացքում դուրս եկան Սիցիլիայի ափ, որտեղ նրանց սպասում էին գերմանո-իտալական համատեղ ուժերը:
Գործողությունը սկսվեց ամերիկյան օդային դեսանտի իջեցումով և հետագայում շարունակվեց նավերի միջոցով դաշնակիցների հարյուր հազարավոր դեսանտային զորամիավորումների իջեցումով: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում մոտ 470 հազար զինվոր հասավ Սիցիլիա:

Վերջնարդյունքում գործողությունը ավարտվեց հաջողությամբ և դաշնակիցների հրամանատարության կողմից սահմանված ռազմավարական հիմնական նպատակները, ոչ միայն ի կատար ածվեցին այլև իշխանությունից հեռացվեց և ձերբակալվեց Մուսոլինին (հետագայում գերմանացիները ազատեցի նրան) և Իտալիան հայտարարեց պատերազմից դուրս գալու մասին:

1944թ. հունիսի 6-ին դաշնակիցները իրականացրեցին պատմության մեջ նախադեպը չունեցող դեսանտային գրոծողությունը, որը պատմության մեջ մտավ Օվերլորդ անվամբ: Մոտավորապես 3 միլիոն զինվոր դուրս եկավ ֆրանսիական Նորմանդիայի ափեր և բացվեց Երկրորդ ճակատը:

14. Գերմանական կողմը հրեաների ոչնչացման համար ստեղծել էր Գետտոներ և շուրջ 20 հազար համակենտրոնացման ճամբարներ ամբողջ Եվրոպայում: Նրանցից ամենահայտնիներից էին Մաութհաուզենը, Զագսենհաուզենը, Սոբիբորը, Տրեբլինկան, Դախաուն, Բուհենվալդը և Օսվենցիմը, որտեղ 1,5 միլիոն մարդ սպանվեց:

15. Եվրոպայում ապրող շուրջ 11 միլիոն հրեաներից 6 միլիոնը ոչնչացվեց: Նրանցից մոտ 1,5 միլիոնը երեխաներ էին:

16. ԱՄՆ-ն դաշնակիցներին և ԽՍՀՄ-ին օգնելու համար սկսեց իրագրոծել մի ծրագիր, որը պատմության մեջ մտավ Լենդ Լիզ անունով: Միլիարդավոր դոլարների արժեք ունեցող պարենամթերքի ռազմամթերքի և ենթակառուցվածքների համատեքստում շուրջ 11 միլիարդ դոլարի այդպիսի օգնության ստացավ ԽՍՀՄ-ը:

17. Պատերազմի շրջանակներում 1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին ատոմային ռմբակոծության ենթարկվեցին ճապոնական քաղաքներ Հերոսիման և Նագասակին:
18. Պատերազմի շրջանակներում գերմանական կողմի սկզբնական դաշնակից ԽՍՀՄ-ը հարյուր հազարավոր մարդկանց էր աքսորել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով իրենց հատկացված երկրների ժողովուրդների շրջանում:

19. Բելոռուսիայի և Ուկրաինայի հրեաները ԽՍՀՄև գերմանական համագործակցության շրջանում որևէ կերպ չեն տեղեկացվել գերմանացիների կողմից իրականացվող գազանությունների մասին, որովհետև գերմանական կողմին ձոներ հղող խորհրդային պրոպագանդան լռում էր այդ մասին: Վերոգրյալի արդյունքները ուղղակիորեն ողբերգական էին:

20. Բացի Նյուրնբերգյան դատավարությունից եղել է եվս մեկ դատավարություն, արդեն ճապոնացի հանցագործների նկատմամբ: 1946թ. մայիսի 3-ից մինչ նոյեմբերի 12-ը տեղի ունեցավ գործընթաց, որը պատմության մեջ հայտնի է որպես Տոկիոյի գործընթաց կամ Տոկիոյի դատավարություն: Դատավարության ընթացքում տարբեր պատիժների արժանացան ճապոնացի մի շարք ռազմական հանցագործներ: Կազմվեց տրիբունալ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների, Կանադայի ներկայացուցիչների կողմից, որը պետք է իրականացներ դատավարությունը: Դատավարության ընթացքում 25 ռազմական հանցագործ տարբեր պատիժների արժանացավ: Նրանցից 7-ը կայսերական բանակի գեներալներ Քնեձի Դոիհարան, Սեյսիրո Իտագակին, Հեյտաոր Քիմուրան, Աքիրա Մուտուն, Հիդեքի Տոձիոն, Իվանե Մացույին և արտգործնախարար Քոքի Հիրոթան կախաղան բարձրացվեցին:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2471443752904884

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ