fbpx
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում է



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.

«Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից, այնպես էլ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար:

Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Գիտենք, որ մեր երկրի առջեւ կան ծառացած բազում խնդիրներ, դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր աշխարհասփյուռ զավակների, մեր հասարակական, քաղաքական բոլոր ուժերի միասնությունը, միաբանությունը, մեր ազգային ներուժի համախմբումը, համերաշխության, հանդուրժողականության, ներողամտության, ոգու հզորացումը, որով մենք հնարավորություն պետք է ունենանք իրականության առաջնորդելու դարավոր իղձերն ու երազները՝ բոլորիս համատեղ ջանքերով, բոլորիս համերաշխ գործակցությամբ: Վստահ ենք, որ մեր ժողովրդի այս բարձր գիտակցությունը պետք է զորացնի ազգի յուրաքանչյուր անհատին՝ իր ջանքերն անվերապահորեն ներդնելու հայրենիքի շինության, հայրենիքի առաջընթացի նվիրական եւ սուրբ գործին:

Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման եւ այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաեւ արձանագրել մեր կյանքի հաջողությունները: Մաղթում ենք հաջողություններ Ձեր բոլոր հայրենաշեն ծրագրերի եւ իղձերի իրականացման գործում»:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների, մաղթանքների եւ ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թեւակոխել ենք կարեւոր փուլ: 

«Այս նոր ժամանակաշրջանը լավ առիթ է վերաիմաստավորելու մեր ինչպես երրորդ հանրապետության, այնպես էլ մեր ժողովրդի հազարամյա պատմությունը: Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից եւ ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից եւ հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական եւ կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը եւ ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Կարեւոր եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն եւ ամենակարեւոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաեւ սեփական իրավունքների նկատմամբ, որովհետեւ, կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա հետեւողական լինել իր իրավունքներին, ինչը նաեւ պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի: Քաղաքացիական, քաղաքական, եւ ընդհանրապես անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարեւոր բանն է եւ կարեւոր է, որ այն մեր երկրում ամուր արմատներ ձգի:

Ընդհանուր առմամբ, մեր երրորդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, ասեմ, որ դա շարունակվում է, եւ մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա: Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը եւ մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարեւոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետեւ իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչեւ վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից եւ գիտակցումներից: Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները եւ ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, եւ մենք տրամադրված ենք հենց այդպես: Կրկին շնորհակալ եմ եւ ուրախ, որ այստեղ եմ, որովհետեւ ամեն անգամ մեր հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունն ինձ համար շատ կարեւոր է եւ այստեղ լինելը մտորելու լավ առիթ: Շնորհակալ եմ, որ այդ առիթը ընձեռում եք, հույս ունեմ, որ շատ առիթներ կլինեն այս ամենի մասին խոսելու»: 



ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ