Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Ինտեր» «Մանչեսթեր Յունայթեդից»: 26-ամյա ֆուտբոլիստի համար միլանյան ակումբը 65 մլն եվրո է վճարել ՄՅՈւ-ին:
Նշենք, որ Լուկակուն դարձել է «Ինտերի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:
«Ինտերը» միակ ակումբն էր, որտեղ ես ցանկանում էի տեղափոխվել, քանի որ «Ինտերը» բոլորի համար չէ:
Ես այստեղ եմ, որ «Ինտերին» վերադարձնեմ բարձունքին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Բելգիացին նաև շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին» և հաջողություն մաղթել նախկին խաղընկերներին.
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ղեկավարներից մինչև մարզիչներ, ֆուտբոլիստներ ու երկրպագուներ: Շնորհակալություն և հաջողություն ձեզ ապագայում»,- գրել է Լուկակուն Instagram-ի իր էջում:
Լուկակուի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է 5 տարով՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 2018/19 մրցաշրջանում հարձակվողը 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: