Պատմություն այն մասին, թե ինչպես Լոնդոնի ճանապարհային անցումներից մեկը հատելու ժամանակ ստեղծվեց Beatles հանրահայտ խմբի ամենալեգենդար լուսանկարը…
Beatles-ի երկրպագուները (և ոչ միայն) չեն կարող սպիտակ գծավոր անցումները չկապել այն խմբի հետ, որը նույնիսկ լուծարվելուց հետո մնացել է ողջ երաժշտական պատմության ամենաազդեցիկ բենդերից մեկը: Պատճառը խմբի Abbey Road ալբոմի շապիկն է, որի վրա Beatles-ի 5 անդամներն են հենց նույն անունը կրող ճանապարհը հատելիս:
Այս ուսանկարն արվել է 1969թ.-ի օգոստոսի 8-ին՝ առավոտյան 10-ին: Լուսանկարիչն Ային Մաքմիլանն է, որն ընդամենը 10 րոպե ուներ ուզած լուսանկարն ստանալու համար, քանի որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել էր երթևեկությունը զուտ մի քանի րոպեով: Մաքմիլանին հաջողվեց 6 լուսանկար անել, որոնցից ալբոմի համար ընտրվեց հենց այս մեկը:
Լուսանկարը բեմադրված չէ: Բիթլներն ուղղակի այս ու այն կողմ էին գնում, լավ լուսանկար ստանալու համար, և եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ այստեղ կան նաև կողմնակի մարդիկ: Ալբոմի շապիկին բացակայում է նաև Beatles-ի ու խմբի այս ալբոմի անունը, սակայն վստահ ենք՝ գրեթե բոլորը գիտեն, որ սա բոլոր սերունդների ամենասիրելի խմբի՝ Beatles-ի Abby Road ալբոմն է:
Abbey Road ալբոմի թողարկումից առաջ մի ամերիկյան թերթ պատմություն էր հրապարակել այն մասին, որ բիթլներից մեկը՝ Փոլ ՄաքՔարթնին, 1966թ.-ին իրականում մահացել էր ավտովթարի ժամանակ, ու որ ներկայիս Փոլն ուղղակի նրա նմանակն էր, որի իրական անունը Ուիլիամ Քեմփբել էր: Շշուկներն այս մասին լույսի արագությամբ տարածվեցին և երբ արդեն հոկտեմբերին թողարկվեց Abbey Road երաժշտական ալբոմը, մարդիկ հորինում, գուցե գտնում էին հուշումներ այն մասին, որ Փոլ ՄաքՔարթնիի մահվան վարկածն իրական է:
Մարդկանց խոսքով հուշումերը շատ էր՝ ՄաքՔարթնին իր թիմակիցներից մեկ քայլ հետ էր, նրա աչքերը փակ էին, նա ոտաբոբիկ էր՝ թաղված մարդու նման, նա ծխախոտ էր բռնել աջ ձեռքով, թեև նա ձախլիկ էր, իր ետևում Volkswagen մակնիշի մեքենա էր, որի պետհամարանիշներն էին 28IF, ինչը մարդկանց կարծիքով հուշում էր այն մասին, որ Փոլը 28 տարեկան կլիներ, ԵԹԵ ողջ լիներ՝ If=«եթե»:
Խմբի անդամների հերթականությունն էլ, որում պատկերված են նկարում, ըստ շատ մարդկանց հերթական հուշումն էր: Աջ կողմում՝ հենց սկզբում, քայլում է Ջոն Լենոնը՝ ամբողջովին սպիտակ. նա Հիսուսն է: Նրան հետևում է Ռինգո Սթարը՝ ամբողջովին սև, սպիտակ շապիկով. նա քահանան է: Նրանից հետո «մահացած» ՄաքՔարթնին է և վերջում ջինսե հագուստ կրող Ջորջ Հարիսոնն է. նա էլ գերեզմանափորն է:
Իհարկե ՄաքՔարթնին միշտ հերքել է այս տեսակետներն ու ասել, որ մարդկանց կարծիքով հուշումներ համարվող այդ ամենն ուղղակի անհեթեթություն է. «Մենք սովորական հագուստ էինք կրում: Ես ոտաբոբիկ էի, որովհետև չափազանց շոգ էր, իսկ մեքենան ուղղակի այնտեղ կանգնած էր»:
ՄաքՔարթնիի մահվան մասին շշուկները հիմա արդեն «ժամկետն անց» են, սակայն Abbey Road-ը շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենահայտնի ալբոմներից մեկն, իսկ դրա շապիկը՝ ամենաայկոնիկը: ՄաքՔարթնին ինքը 1993թ.-ին վերադարձավ այդ ճանապարհ լուսանկարը վերստեղծելու ու այն որպես իր սոլո ալբոմի՝ Paul Is Live-ի շապիկ օգտագործելու համար:
Այնուամենայնիվ, գուցե մարդկանց՝ նախկինում հնչաց վարկածներն այն մասին, որ ալբոմի շապիկը թաղման խորհուրդ ունի, ճիշտ են: Բայց դա ոչ թե Փոլ ՄաքՔարթնիի հրաժեշտի համար էր, այլ Beatles խմբի, քանի որ սա, ցավոք, աշխարհահռչակ խմբի վերջին ալբոմն էր: