Երեկ Մոսկվայում հերթական՝ հինգերորդ անգամ ձերբակալել են ընդդիմադիր գործիչ, Մոսկվայի Դումայի ընտրություններին չգրանցված թեկնածու Իլյա Յաշինին:
«Իմ հետևից նորից եկել են, երևի նոր վարչական գործ են հարուցելու և նորից պետք է ձերբակալեն», – երեկ հրապարակած տեսանյութում պատմել է Յաշինը:
Նա նույնիսկ չի կարողացել դուրս գալ կալանավայրի տարածքից իր հարազատների, աջակիցների և լրագրողների մոտ, որ եկել էին ընդդիմադիր գործչին դիմավորելու:
Յաշինի փաստաբան Վադիմ Պրոխորովի կարծիքով իշխանությունները որոշել են հնարավորինս անել ընդդիմադիր գործչին մինչև ընտրության մեջ անազատության մեջ պահելու համար:
Յաշինին նախ ձերբակալել էին հուլիսի 27-ին՝ Մոսկվայում չարտոնված բողոքի ցույցի համար: Այդ օրը առաջին անգամ Մոսկվայի փողոցներ էին դուրս եկել չգրանցված թեկնածուների աջակիցները: Հուլիսի 27-ից սկսած ամեն 10 օրը մեկ Յաշինին ձերբակալում են հենց այն օրը, երբ նա դուրս է գալիս կալանավայրից․ նոր վարչական գործ են հարուցում և դատապարտում 10 օրվա ազատազրկման:
Վերջին ամիսներին Մոսկվայում անցել են բողոքի մի շարք ակցիաներ: Չարտոնված բողոքի ցույցերին մասնակցելու համար տասնյակ երիտասարդների դեմ քրեական գործեր են հարուցվել, իսկ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում փողոց դուրս եկած մարդկանց, այդ թվում նաև կանանց նկատմամբ:
Մոսկվայի Դումայի ընտրություններն անցնելու են սեպտեմբերի 8-ին: Ընդդիմադիր թեկնածուներից գրեթե ոչ մեկին Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չի գրանցել:
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում թիմակիցներին նույնպես չեն գրանցել որպես թեկնածու, այնուամենայնիվ կոչ է անում անպայման գնալ ընտրություններին և ձայն տալ այն թեկնածուներին, ովքեր ի զորու են հաղթել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին:
Լիբերալ ընդդիմության շրջանում բոլորը չէ, որ կիսում են Նավալնու այս ռազմավարությունը: Միխայիլ Խոդորկովսկին, օրինակ, կոչ է անում բոյկոտել ընտրությունները: