ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նրանց դեմ, ովքեր մասնակցություն կունենան Վաշինգտոնի կողմից «սև ցուցակ» մտցված իրանական նավերին վառելիք վաճառելու մեջ:
Օգոստոսի 30-ին պատժամիջոցային ցուցակում էր հայտնվել իրանական Adrian Darya լցանավը, որը Վաշինգտոնի և Թեհրանի միջև կոնֆլիկտի կիզակետում էր։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Վաշինգտոնը զգուշացրել է, որ այս նավին ցույց տրվող ցանկացած օգնություն կգնահատվի որպես աջակցություն ահաբեկչական կազմակերպությանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: ԱՄՆ Պետքարտուղարությունից նաև հայտարարել են, որ լցանավով Սիրիա նավթ հասցնելու փորձը, ինչով զբաղված է «Բաշար Ասադի ռեժիմը», աջակցություն է ահաբեկչությանը:
Նավը, որը նախկինում կրում էր Grace 1 անունը, հուլիսին ձերբակալվել էր Ջիբրալթարի ափերի մոտ: Բրիտանական իշխանությունները կասկածել էին, որ լցանավը զբաղվում էր իրանական նավթը Սիրիա հասցնելով, ինչը եվրոպական պատժամիջոցային ռեժիմի խախտում էր:
Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) վեբկայքում թարմացված տեղեկություն էր հրապարակվել, որում նշվում էր պատժամիջոցների սահմանման վտանգի մասին բոլոր արտասահմանցիների համար, որոնք պատժամիջոցային ցուցակի մեջ ներառված իրանական նավերին վառելիք են մատակարարում: Պատժամիջոցները կարող են առնչվել նաև նրանց, որոնք իրականացնում են լիցքավորման ծառայության համար վճարումները:
Adrian Darya լցանավը օգոստոսի կեսին ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ Իրանը Բրիտանիային խոստացել էր, որ նավը բեռը Սիրիա չի տեղափոխի: Այս շաբաթ լցանավի անձնակազմը, որը դեռևս Միջերկրական ծովում է, ըստ երևույթին, անջատել է ռադիոտեղորոշման փարոսը, որի շնորհիվ հնարավոր էր հետևել նավի տեղադրությանը:
Պատժամիջոցները չեն տարածվում Իրան գյուղատնտեսական ապրանքներ, սննդամթերք և դեղորայք տեղափոխող իրանական նավերին վառելիք մատակարարողների վրա, բայց միայն այն դեպքում, եթե գործարքին չեն մասնակցում մարդիկ, որոնք Վաշինգտոնի կողմից ավելի վաղ մտցվել էին պատժամիջոցային ցուցակ: