Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարել է անմեղ մարդկանց ահաբեկմամբ անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ: Այդ մասին սեպտեմբերի 6-ին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը միտումնավոր ուղղված է քաղաքացիական անձանց դեմ: Դա անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ է՝ ահաբեկելով անմեղ մարդկանց»,- հայտարարել է Զարիֆը: Նա հավելել է, որ «Վաշինգտոնի մեթոդներն այժմ ներառում են ավազակությունը, կաշառաշորթությունն ու շանտաժը»:
Ավելի վաղ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին:
«OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան է պահում»,- գրել է Զարիֆը:
«Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի և մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել է Իրանի նախարարը:
Նրա տեսակետով՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից վճռականորեն ազատվելն է»: Սեպտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Իրանին վերաբերող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 20 ֆիզիկական և իրավական անձ, ինչպես նաև մի շարք լցանավեր:
«OFAC-ը միջոցներ է ձեռնարկել բեռնափոխադրման խոշոր ցանցի դեմ, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի կառավարման ներքո և որին ֆինանսական աջակցություն է ցույց տալիս»,- ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: