Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել և փորձել մինչև հոկտեմբերի 31-ը երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել Բրյուսելի հետ գործարքով կամ առանց դրա: Այս մասին գրում է Daily Telegraph թերթը:
Հղում անելով կառավարության աղբյուրների՝ հրատարակությունը հայտնում է, որ նախարարների կաբինետի ղեկավարը պատրաստ է հասնել մինչև բարձրագույն վճռաբեկ դատական ատյան, որ ազատվի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Brexit-ի եռամսյա հետաձգման խնդրանքով Բրյուսելին նամակ գրելու անհրաժեշտությունից:
Դա վարչապետին հարկադրում է անել անցած ամսին ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքը: Դրանում ասված է, որ կառավարության ղեկավարը պարտավոր է հետաձգում պահանջել, եթե մինչև հոկտեմբերի 19-ը Լոնդոնը և Բրյուսելը համաձայնության չհասնեն Brexit-ի պայմանների շուրջ: Մինչդեռ չկան երաշխիքներ, որ Գերագույն դատարանը Ջոնսոնի կողմը կբռնի, հատկապես հաշվի առնելով այն, որ վերջերս դատական այդ ատյանը անօրինական ճանաչեց խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով կասեցնելու վարչապետի որոշումը:
Դրա հետ մեկտեղ կառավարույթունում Daily Telegraph-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Ջոնսոնի համար կարևոր է, որ հենց դատավորներն իրեն պարտավորեցնեն նամակ ուղարկել Բրյուսել, այլ ոչ թե ինքը համաձայնի անել այդ քայլը, ինչը կհակասեր ավելի վաղ դրա վերաբերյալ վարչապետի արած բոլոր հայտարարություններին: