fbpx
Հասարակություն

«Օպերա»․ իսրայելական հատուկ ծառայությունների ամենափայլուն գործողություններից

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Իսրայելական հատուկ ծառայությունների ամենափայլուն գործողություններից

Նկարում պատկերված է իսրայելական օդաչուների այն խումբը, որը 1981թ. հունիս ամսին գրոհեց Իրաքի «Օսիրաք» կոչվող միջուկային ռեակտորը, որը Բաղդադի մոտակայքում գտնվող ԱԼ-Թուվաթ միջակային կենտրոնում էր:

1970-ականներին Իրաքը սերտ հարաբերություններ ուներ, թե՛ ԽՍՀՄ-ի, թե՛ արևմտյան երկրների հետ՝ ի դեմս Ֆրանսիայի: Վերջիններս Իրաքը մինչև ատամները զինել էին, սակայն Սադամ Հուսեյնին դա քիչ էր: Երբ նա 1975թ. այցելեց Մոսկվա նրան ջերմ ընդունելություն ցույց տվեցին, սակայն Հուսեյնը չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակին: Այնուհետև նա հայտնվեց Փարիզում, որտեղ 2 միլիարդ դոլարի դիմաց պայմանավորվեց, որ ֆրանսիացիների հետ համատեղ ջանքերով միջուկային ռեակտոր կկառուցվի Իրաքում:

Իհարկե, Իսրայելը չէր կարող ձեռքերը ծալած նստել: Հատկապես որ արաբաիսրայելական վերջին արյունալի պատերազմը ոչ վաղ անցյալում էր, իսկ Իրաքը միշտ էլ ակտիվ մասնակցություն էր ունենում Իսրայելի դեմ մարտերում: Սկզբից հակազդեցությունը գնաց քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, սակայն անհաջողությամբ ավարտվեց: Ռեակտորի կառուցումից հետո որոշվեց, որ մինչ նրա ամբողջ թափով գործելը՝ այն պետք է ոչնչացվի:

Գործողությունը ստացավ «Օպերա» անվանումը, իսկ այն սկսեց անձամբ ղեկավարել վարչապետ Մենահեմ Բեգինը: «Մոսսադ»-ը կարողացել էր հայթայթել միջուկային կենտրոնի տեղակայման վայրի քարտեզները: Որոշ դիտարկումների համաձայն նրանք համագործակցել են ոչ ավել ոչ պակաս Իրանի հետ, որը հենց այդ պահին պատերազմի մեջ էր Իրաքի դեմ:

1981թ. հունիսի 7-ին մի խումբ կործանիչներ «Էցիոն» օդնավակայանից թռչելով՝ սկսեցին իրենց գրոհը: Նրանք անցան Կարմիր ծովով և Սաուդյան Արաբիայի տարածքի մի մասով: Մտնելով Իրաք նրանք բաժանվեցին: Ինքնաթիռների մի խումբը թռչեց այլ ուղղությամբ որպեսզի շեղի հակառակորդի զգոնությունը: Իսկ հարվածային խումբը ստիպված էր թռչել գետնից 30 մետր բարձրության վրա, որպեսզի հակառակորդի ռադարները չֆիքսեն նրանց: Հասնելով ռեակտորի տեղակայման վայր՝ նրանք կտրուկ բարձրություն հավաքեցին և ոչնչացրեցին միջուկային ռեակտորը:

Իհարկե, դրանից հետո Իսրայելը կրկին անգամ միջազգային սկանդալի մեջ հայտնվեց, սակայն դա հրեաներին քիչ էր հուզում: Դա հատկապես երևաց ՊՆ Արիել Շարոնի հայտարարությունից, որը նա արեց 1981թ. դեկտեմբեր ամսին. «Մեր ռազմական քաղաքականության անբաժանելի տարրերից է թշնամական երկրներին ատոմային զենքի հնարավորությունից զրկելու հնարավորությունը: Դա մեր համար քաղաքական հավասարակշռության հարց չէ, այլ գոյատևման հարց է: Այդ իսկ պատճառով մենք պետք է հենց բնում ոչնչացնենք վտանգը»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2596371440412114&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ