fbpx
Հասարակություն

Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը․ հայ լրագրողը՝ Ադրբեջան այցելության մասին

Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբականը պատմել է Ադրբեջան այցելության մասին։ Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Էդգար Էլբակյանը մասնավորապես գրել է․

«• «… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»։ Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին լրագրողների փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Մնացյալ 4 օրերին իմ և գործընկերներիս (Davit Ալավերդյան, Artem Երկանյան) անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։

• Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ․ մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։ Ես ներկայացնում էի արցախյան կողմը՝ որպես Արցախի հանրային հեռուստատեսությունի հեռուստամեկնաբան։

• Այցելության ընթացքում եղանք Բաքու, Ղուբա և Գանձակ (Գյանջա) քաղաքներում, հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով։ Մոտակա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին։

•Այս լուսանկարում Բաքվի հին քաղաքում եմ (İçəri şəhər)՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի առաջ (12-րդ դար)։

Հ․Գ․ Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2646671575379311&set=a.159247214121772&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ