Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Նիստի մեկնարկին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ դատավորի անաչառության նկատմամբ: 2019 թվականի մայիսի 21-ին հոդված է տպագրվել, որ դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս»,-ասաց նա։
Որպես ինքնաբացարկի հիմք Բաղդասարյանը նշեց, որ հրապարակումներ են եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը:
«Այս մասին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ կա, և դեռ պետք է քննվի»,-ասաց Բաղդասարյանը:
Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրողները միացան միջնորդությանը:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Պապոյանին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված և պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի էր։
Դատարանը նաև հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն էր տեսել և պահանջել դրանք։
Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։