Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին Լոզանի «Medal Plaza» հրապարակում, որտեղ տեղի ունեցավ պատանեկան համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շրջապատված էր շքերթի մասնակից երիտասարդ մարզիկներով:Նրանք շնորհակալություն հայտնեցին կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրին և Թոմաս Բախին: ՄՕԿ-ի նախագահը ողջունեց մասնակիցներին. «Դուք` երիտասարդ մարզիկներդ, օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք: Երկու շաբաթվա ընթացքում արժանիորեն մուտք գործեցիք մարզական մեծ ընտանիք: Ընդմիշտ հավատարիմ մնացեք օլիմպիական գաղափարներին»:
Թոմաս Բախը ՄՕԿ-ի դրոշը հանձնեց Կորեայի հանրապետության մարզիկներին, քանզի այդ երկրում է 2024 թ. անցկացվելու պատանեկան չորրորդ խաղերը:
Արարողությունն ավարտվեց հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Բաստիան Բեյքերի համերգով:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։