fbpx
Աշխարհ

Ղազախստանում մատուցվել է բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենսկի տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ապահովվեց նաև արարողության հեռարձակումը ուղիղ եթերով:
Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևի (Сергий Карамышев) կողմից:

Գագիկ Ղալաչյանը, իր ելույթում ներկայացնելով օրվա խորհուրդը, ընդգծեց, որ ցեղասպանության փաստն ընդունելը և դատապարտելն ունեն զսպող նշանակություն աշխարհում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման գործում, ինչին էլ ուղղված են ՄԱԿ շրջանակներում և ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. կոնվենցիայի հիման վրա ՀՀ կողմից ներկայացվող բանաձևերը և ձեռնարկվող այլ քայլերը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ս.Կարամիշևին ռուս ուղղափառ եկեղեցու տարածքում հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունն ավանդաբար ստեղծելու և եղբայրական եկեղեցու ցուցաբերած համերաշխության համար:

Այնուհետև ՀՀ դեսպանը ծաղկեպսակ դրեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:

Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Ուստ-Կամենոգորսկի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք մատուցեցին Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ի տվյալներով «HyeID» առցանց արդարության երթին միացել է Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում գտնվող 683 անձ»,-ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/armembkz/posts/3067747819952544?__xts__[0]=68.ARA0Vy1P8LbmqrE7GWOqphPBytVQkCN2YXAcJFWNnEVkYohMDN6izvQVy6gsw426OPe-ejAKyCFHQJK1FGHOeaTJ_jyCBknxhaNw93t_RSefA0GVW4rZSPFBrrdGHDHAMP4fV9aH5QEDITo9zixQC4yvZ2Z5aV5QfWxYqaYq8v-U0cG2umgjyJWMDFQExlVYGImzjlKC14LnMJI7qOdsjIBD_MmqtVqQJAdZQENQYi7ZEqBLls2yDIzWpb15UqwbL5ZvnWzbYLrU4omEkMtWbF3I_SZqbEeIOLNPneZ5ZTxKR07TRVp74JUesXnAHO3NYBIZhsAzXobhsfQPsWy5ZpHV9fyl&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ