Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին:
Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»:
ՀՖՖ-ն ներկայացրել է նաև որոշ տվյալներ Ուդոյից։
Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։
Ակումբային կարիերան
2013 – «Էսփայր» (Սենեգալ)
2014 – «Էյպեն», (Բելգիա)
2015 – «Արարատ» (Երևան)
2015-2016 – «Ուլիս» (Երևան)
2016-2018 – «Շիրակ» (Գյումրի)
2018-2019 – «Ուրարտու» (Երևան)
2019 – «Շիրակ» (Գյումրի)։