Ֆրանսիան կսկսի սեփական հիպերձայնային զենքի ստեղծման ծրագիրը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Այս մասին հայտնել է AFP-ն՝ չհստակեցնելով, թե նախարարը որտեղ է ելույթ ունեցել և նշելով միայն, որ հայտարարությունն արվել է անցյալ շաբաթվա սկզբին:
Պարլիի խոսքով, նախատեսվում է պայմանագիր կնքել հիպերձայնային պլաների ցուցադրական շարժվող մակետի ստեղծման մասին: Ապագա պլաները կարող է զարգացնել ավելի քան 6000 կմ/ժամ արագություն, իսկ առաջին փորձնական թռիչքը տեղի կունենա մինչև 2021 թվականի վերջը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայումս շատ երկրներ են այսպիսի զենքով զինվում, և Ֆրանսիան «չի կարող իրեն թույլ տալ սպասել»: Պարլին հիշեցրել է, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ 5 երկրներից 3-ը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը, արդեն իրականացնում են հիպերձայնային զենքի ստեղծման սեփական նախագծերը: