ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) գիտահետազոտական կենտրոն, շրջայց կատարել լաբորատորիաներով, ծանոթացել իրականացվող ծրագրերին: Ժամանակակից սարքավորումներով հագեցված գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներով կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ․ առ այսօր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար (որից շինության վերափոխման ու ենթակառուցվածքների վրա՝ ավելի քան 3 մլն դոլար), իսկ հաջորդ տարվա համար՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար, հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքից։
Նախարար Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին, այն հնարավորություններին, որոնց շնորհիվ կրթական գործընթացներն արդյունավետ կզուգակցվեն գործնական ժամանակակից հնարավորություններով, թե՛ ուսանողների, թե՛ գիտնականների, թե՛ դասախոսական անձնակազմի համար։
Կենտրոնում արդեն իսկ աշխատում են 19-ը հայ գիտնականներ, որոնք շվեյցարական կենտրոնի հետ համատեղ նախագծեր են իրականացնում առաջնային այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Տվյալագիտությունը, Տեխնոլոգիաները, Նյութաբանությունը։ Թիմում ընդգրկված գիտնականները զուգահեռաբար համագործակցում են հայաստանյան բուհերի և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։
Շրջայցին մասնակցում էին նաև փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Խոսելով տեխնիկական կրթության և նման կենտրոնների բացման կարևորության մասին՝ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ թե ենթակառուցվածքային, թե գիտական, թե գիտելիքի առումով բավական լուրջ ներդրումներ են արված Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, որը ինժեներական դասական մտքի ինստիտուցիոնալ ամենահզոր կառույցն է դեռևս ԽՍՀՄ տարիներից. «Մենք տեսնում ենք այստեղ, որ բիզնեսը հանդիպել է գիտելիքի և գիտության հետ, այս մոդելը մենք ավելի ու ավելի պետք է զարգացնենք, ու նման ձևաչափով գործակցությունը ԲՈւՀ-մասնավոր հատված ծրագրի շրջանակներում տարածենք ոլորտի տեխնոլոգիական ընկերությունների շրջանում»,- ասել է նախարարը:
«Այս ձևաչափը և նոր մոտեցումները կօգնեն թե’ կադրային վերապատրաստումներին, թե’ նոր տեսակի ինտելեկտուալ պրոդուկտների ստեղծմանը, թե’ բիզնեսի զարգացմանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ընդհանուր առմամբ առավել նպատակային կդարձնեն ոլորտի գիտական ներուժի ձևավորման ուղղությամբ ընկերությունների կողմից իրականացվող ներդրումները»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանն էլ, կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաների արագ զարգացման տեմպին զուգընթաց կրթական ծրագրեր իրականացնելը հնարավոր կարող է լինել մասնավորի հետ գործակցության նման ձևաչափի շնորհիվ և հույս հայտնել՝ PMI Science (Փի Էմ Այ Սայենս)-ի մոդելն օրինակ կհանդիսանա և նմանատիպ մի շարք կենտրոններ կհիմնադրվեն տեխնոլոգիական մտքի զարգացման համար:
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, խոսելով Կենտրոնի ստեղծման ջանքերի մասին, նշել է, որ նախարարին ներկայացվել է իրենց երեք տարվա աշխատանքի արդյունքը, որն, ըստ էության, շատ բարձր գնահատականի է արժանացել։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նմանատիպ Կենտրոն հիմնելու համար ընտրվել հենց Հայաստանը՝ Նատալիա Մայորովան ընդգծել է, որ Հայաստանում այնպիսի միջավայր է ստեղծված, որը համահունչ է ընկերության հիմնական մոտեցումներին ու սկզբունքներին. երբ բիզնեսը ստեղծում է արժեք հասարակության հետ միասին, հասարակության համար՝ ապագայի մեծ հեռանկարով։
Գիտահետազոտական (R&D) կենտրոնի հայաստանյան գործընկերը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն է: Տեխնոլոգիական նախագծերի իրականացման և Հայաստանում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման հենքի վրա հիմնդրամը «Ֆիլիպ Մորրիսին» է առաջարկել մի մոդել, որը ներառում է գիտական նախագծերի իրագործում, գիտահետազոտական նախագծերի աջակցություն և էկոհամակարգի ձևավորման ու զարգացման այլ նախաձեռնություններ, ինչն էլ իրագործվել է՝ ի նպաստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացման:
Հայաստանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) կենտրոնը «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումներով 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո։