fbpx
Հասարակություն

Ֆիրդուսի հարցով երկխոսությունը քաղաքացիների և նախարարության միջև չստացվեց

Ֆիրդուսի փողոցի բնակիչները հույս ունեին, որ գոնե հեղափոխությունից հետո կվերանայվի «գերակա շահ» ասվածն ու իրենց սեփականության ճակատագիրը կախված չի լինի կառուցապատողից։

Երևանի կենտրոնում գտնվող թաղամասի կառուցապատողի, Քաղաքապետարանի, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների և բնակիչներ միջև երկխոսությունը չստացվեց. օրերս հրավիրված հանրային լսմանը ներկա բնակիչների մի մասը լքեցին դահլիճը։

«Մեզ ասում են՝ հավաքվել ենք, որ քննարկենք շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն ու բարձրացված հարցերը ներառենք նախագծային լուծումներում։ Մենք էլ ասում ենք՝ «մեր սեփական տարածքը չենք ուզում ձեզ վաճառել», – ասաց դահլիճը լքող բնակիչներից մեկը՝ շարունակելով․ – «Հյուսիսային պողոտայի շարունակության տարբերակով էս պրոցեսն ուզում էին բրդեին։ Մենք հուսով էինք, որ կարգերը փոխվեցին, մոտեցումը կփոխվի․ եթե մենք չենք ընդունում էդ գերակա շահը, ես գամ դրա ածանցյալին մասնակցեմ որ ի՞նչ»։

Ըստ բնակիչ Ռուբեն Աթոյանի՝ 300-ից ավելի սեփականություն կա Ֆիրդուսի թաղամասի իրացման գոտում, շուրջ 15 տարվա ընթացքում դրանց մի մասի սեփականատերերն ընդունել են իրենց արված առաջարկություններն ու վերցրել փոխհատուցման գումարը։

«Բայց կան մարդիկ, որ չեն ուզում ոչ մի փոխհատուցում, ուղղակի չեն ուզում դուրս գալ իրենց տներից», – ասաց հանրային լսումից դուրս եկած Աթոյանն ու շարունակեց՝ ոչ ոք իրենց չի բացատրել, թե ի՞նչ են ուզում կառուցել և ինչու՞ հենց իրենց սեփականության տեղում․ – «13 տարի է, մի հատ բան չեն անում՝ հանդիպում կազմակերպեն, ասեն՝ «ժողովուրդ ջան, էստեղ սենց բան ենք ուզում անենք»։ Մեկ էլ դու լսում ես, որ սենց մի բան ա։ Հիմա ինչքանո՞վ ա հաճելի,, ենթադրենք ինչ-որ մեկը, որ տենա իրա տունը քցած ա list.am-ում, ոչ մեկին դա հաճելի չի չէ՞՝ առանց իրա գիտության»։

Կառավարության որոշմամբ՝ 2006-ին, 33-րդ թաղամասը, որի մեջ մտնում են նաև Ֆիրդուսի ու հարակից մի քանի թաղամասեր, ճանաչվել են գերակա շահ։ Դեռ այդ թվականին հաստատված կառուցապատման ներդրումային ծրագիրը չի կատարվել։ Այնուհետև, այդ տարածքը գերակա շահ ճանաչելու մասին երկրորդ որոշումն ընդունվել է 2018-ի մարտին՝ Հայաստանի նոր իշխանությունների օրոք։

Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, ըստ ծրագրի, կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ են կառուցվելու:

Տարածքի շուրջ 11 հազար քմ-ը կանաչապատվելու է: Կառուցապատող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերության ներկայացուցիչ Մարտիրոս Նալբանդյանը մասնակիցներին հորդորում էր խոսել միայն թաղամասի բնապահպանական խնդիրներից։

«Էս պրոցեսը սահմանված է շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Այսինքն՝ օրենքի պահանջով մենք փորձել ենք կազմակերպել այս լսումը՝ գերազանցապես բնապահպանական հարցերի վերաբերյալ։ Մեր գործընկերները հասկացան, որ կան էդտեղ սոցիալական խնդիրներ, արձանագրվելու են», – հայտարարեց Նալբանդյանը։

Բնակիչներն ասում են՝ ո՞վ է տեսել այդպիսի հանրային բացառիկ գերակա շահ, որ 2006-թվականից առ այսօր պետք է կառուցվի, բայց չի կառուցում, այսպիսով «գեևակա շահ» ասվածն, ըստ նրանց, ի չիք է դառնում։

Իրացման գոտու բնակիչները վստահ են, թե գերակա շահի մասին օրենքը հատուկ ստեղծված է կոռուպցիոն գործընթացների համար։ Ասում են՝ քանի որ նոր իշխանությունը ոչ մի փոփոխություն օրենքում չկատարեց, ավելին՝ կառուցապատման այս ծրագիրը շատ կարևոր է համարում, իրենք մնացել են նույն խնդրի առաջ՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա, այսօրինակ քննարկումներն էլ անիմստ են համարում։

«Չեմ ուզում դուրս գամ իմ տանից։ Ի՞նչ փոխհատուցում տան՝1000 դոլա՞ր քմ-ին, էդ վերցնեմ ի՞նչ անեմ։ Ես, օրինակ իմ տունը կենտրոն ա, 5 հազար դոլար եմ ուզում, կտա՞ն, չեն տա», – ասաց բնակիչներից մեկը։

Իրացման գոտու բնակիչներն ասացին, որ քաղաքապետարանից սպասելիքներ չունեն, իրենց պահանջներն ուղղված են կառավարությանը, հետևաբար այդ քննարկմանը քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությունն, ասացին, ոչինչ չի տալու իրենց։

Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանը նույնպես ներկա էր քննարկմանը։ «Ազատության»-ն ասաց՝ իրենք արել են ավելին, քան՝ կարող էին․ հանդիպում-քննարկում են կազմակերպել ծրագրի պատասխանատուի, կառավարության ներկայացուցիչների ու բնակիչների հետ։ Իրենց առաջարկով՝ կառուցապատողը ծրագրից հանել է տարածքի շենքերից մեկը, որը ներառվել է հուշարձան-շենքերի ցուցակում և այլն։

«Շատ բնակիչներ կան Ֆիրդուսի, ովքեր երջանիկ են, որ վերջապես այս ծրագիրն ի կատար կածվի, ովքեր արդեն իսկ փոխհատուցվել են, ապրում են նոր բնակարաններում, և այդ մարդիկ երջանիկ են, որ էդտեղից դուրս են եկել, որովհետև շատուշատ բնակիչներ ասում են, որ դա այլևս ապրելու տեղ չի», – ասաց Վարդանյանը։

Բնակիչների մի մասը դեռ դատարանում վիճարկում է իրենց սեփականության հարցը, թե ինչպե՞ս և ո՞ւմ որոշմամբ են դրանք հայտնել իրացման գոտում։ Մինչև այդ, ասացին, չեն լքելու իրենց տները։

Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ