Հուլիսի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ իրենց մտահոգությունները: Նրանց կարծիքով՝ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:
Վահրամ Դումանյանը, կարևորելով բովանդակային քննարկումների անցկացումը և անկախ տարակարծություններից՝ բարեկրթության մթնոլորտի պահպանումը, պատասխանել է հնչած մտահոգություններին. «Մշտապես պատրաստ ենք ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների, բայց բարձրաձայնված հարցերը պետք է առնչվեն ԿԳՄՍ նախարարության գործառույթներին, լինեն մեր իրավասության շրջանակում: Նույնն ակնկալում եմ այս քննարկումից: Ծանոթ եմ բարձրացված հարցին, և պետք է հստակ արձանագրենք, որ քննարկումների առիթ դարձած տարածքը, որտեղ նախատեսվում են շինարարական աշխատանքներ, տարիներ առաջ վաճառվել է մասնավոր հատվածի»:
- Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
- Պետությունը չի կարող ամբիցիաները բավարարելու գծով գնալ․ Դումանյանը՝ Կամերայինի անձնակազմի դժգոհության մասով
Արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե քիմիական մասնաշենքերի հատվածում բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, Վահրամ Դումանյանը նշել է. «Հարցը պետք չէ կապել պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքի և ոլորտի զարգացման շուրջ ունեցած տեսլականի հետ: Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և մասնավորապես օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն: Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»: Եկե՛ք հարցերը և դրանց ակունքները ճիշտ սահմանենք, այդ դեպքում լուծումներն էլ հեշտ կգտնվեն»:
Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Դումանյանն առաջիկայում ևս նմանօրինակ քննարկումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել»,-ասվում է հաղորդագրության մեջ։