Մենք առաջնային ենք համարում այսօր ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ ԼՂ ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի բոլոր թեմաների մասին: Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր ապահովում ենք հումանիտար հարցերով, նաև ֆինանսական հարցերով աջակցություն ենք ցուցաբերում. ինչով կարողանանք՝ կաջակցենք. մեր դիրքորոշումը միշտ դա է եղել:
Հաջորդ պրոբլեմներից մեկը, որն էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա. որ մենք ԼՂ ներկայացուցիչներին բանակցային գործընթացից դրել ենք մի կողմ, ասել ենք՝ մենք կորոշենք իրենց փոխարեն: Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն: Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովուրդը և նրա ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ նրանց պետք է աջակցենք. սա է մեր դիրքորոշումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: