Հայաստանում այսուհետև նկարահանվելու են արտերկրյա մեծ պրոյեկտներ, որոնից կլինեն նաև Netflix-ի համար նկարահանվող ֆիլմերը և սերիալները, որոնց աշխատանքները նախատեսված են սկսել տարեսկզբին:
«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրեն, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը հիանալի է գնահատում այն, որ Հայաստանի կառավարությունը սահմանել է օրենքի փոփոխությունները ֆիլմերի հետ կապված, և դրանց նկարահանման աջակցության տրամադրումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի կարևոր արձանագրումը, ըստ Նշանյանի, այն է, որ Հայաստանում ֆիլմերի արտադրության համար առաջարկվելու է մինչև 40 տոկոս հետվճար։
«Մեր երկրում մի շարք պրոդյուսերներ ցանկանում էին ֆիլմեր նկարահանել, սակայն գնում էին այն երկրները, որտեղ առաջարկվում էր հետվճար: Այս օրենքով մենք գնում ենք օրինական շուկա։ Հայաստանը լուրջ կինոարտադրության կետ կարող է լինել իր պատմամշակութային վայրերով, լոկացիաներով, և այստեղ ունենք կինոարտադրության ավելի մեծ հնարավորություններ, քան օգտագործվում են։ Այս օրենքը դրանով է կարևոր, որ այդ միտքը ավելի շատ կամրապնդվի տարբեր պրոդյուսերների շրջանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի մինչև 10-40 տոկոս հետվճար, եթե պահպանվեն օրենքով սահմանված նորմերը: Նշանյանի խոսքով՝ այդ նորմերը պահելու են երկու կողմերը։
«Օրինակ՝ այս դեպքում դրսի կազմակերպությունը դիմելու է ինձ, ես կազմակերպելու եմ ամբողջ նկարահանումը Հայաստանում՝ Կառավարության ու կինոկենտրոնի աջակցությամբ, հարկերը վճարում եմ մինչև վերջ, հետո՝ ներկայացնում այդ ամբողջ թղթաբանությունը մեր իրավաբաններին, և հետո պարզ է դառնում, թե այդ հարկերի քանի տոկոսը պետք է հետ վճարի պետությունը։ Սա հարկերից ազատում չէ, այլ՝ հետվճար։ Պետք է հասկանանք, որ ֆիլմարվեստը այսօր ամենահասանելի պրոպագանդային զենքն է, որովհետև սիմվոլիկայի վրա է աշխատում։ Պետք է ընդունենք, որ ֆիլմը ժամանց չէ, և երբ որ հայտնի դերասանը ինչ-որ բան է քարոզում ֆիլմում ու անում, ժողովուրդի մեծամասնությունը դա ընկալում է, ընդունում որպես իրականություն, երեխաները կրկնօրինակում են։ Բայց մեր հեռուստաընկերությունները դրան չեն նայում՝ որպես պրոպագանդա իրականացնելու զենք, իսկ լուրջ հոլիվուդյան և եվրոպական կառույցները հասկանում են, թե ինչ կլինի սցենարի մեջ, որպեսզի մասսայի մեջ իրենց ուզած կարծրատիպը ամրապնդվի»,- պարզաբանում է «Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրենը:
Վերջինիս խոսքով՝ այժմ կարևոր է, որ արվեստագետները իրենց սցենարները կազմելուց ճիշտ քարոզչություն տանեն։ Մշակույթի ոլորտի ներկայացուցիչն ասում է, որ այս նոր օրենքը կնպաստի այլ երկրներից այստեղ գալուն և ֆիլմեր նկարահանելուն։ Այս առումով նշանակալից է գերմանացի դերասան և ռեժիսոր Թիլ Շվայգերի կողմից երեք նախագիծ Հայաստանում նկարահանելու մտադրությունը։ Գաղափարը հայտնի դերասանի մոտ ծագել է այն ժամանակահատվածում, երբ Նշանյանի հրավերով եկել է Հայաստան։ Դերասանը ընդգծում է՝ Շվայգերն այնքան է հավանել մեր երկիրը, որ դեռ այդ ժամանակ է մտածել այստեղ իր պրոյեկտները նկարահանելու մասին։
«Այժմ դա հաստատվել է, և դա լինելու է։ Արդեն նախնական բանակցություններ են ընթանում իր հետ, դա հնարավորություն կտա փաստաթղթի միջոցով ցույց տալ, որ ամեն ինչ լուրջ է: Netflix-ը ստուդիա է և ուսումնասիրում է տարբեր ընկերությունների, որ կարողանա ապահովել բովանդակություն իր ալիքի համար»,- մանրամասնում է նա:
«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրենը նաև փաստում է՝ նրանք, ովքեր Հայաստան են ժամանել արտերկրից, մինչ օրս հիացած խոսում են մեր երկրից ու այստեղ առկա նկարահանման անձնակազմերից ու միջավայրից։