WhatsApp հանրահայտ մեսենջերը նոր հնարավորություն է ստացել՝ այսուհետ սպամը հնարավոր կլինի արգելափակել անմիջապես կողպված էկրանից՝ նույնիսկ կասկածելի հաղորդագրություններ բացելու կարիք չի լինի: Այս թարմացումը կօգնի պայքարել սպամ հաղորդագրությունների դեմ՝ ինչպես գովազդային, այնպես էլ խարդախության, որոնք վերջերս հաճախակի են դարձել։
Այժմ, երբ անցանկալի հաղորդագրություն ստանալու դեպքում օգտատերը կարող է պարզապես արգելափակել այն ուղարկողի հետ միասին՝ առանց հեռախոսի էկրանն ապակողպելու և WhatsApp հավելվածը բացելու։
Երբ ձեր սմարթֆոնի կողպված էկրանին հայտնվում է սպամ հաղորդագրության մասին ծանուցում, ապա դրա վրա երկար սեղմելուց հետո բացվում է ընտրացանկը՝ տարբեր տարբերակներով, ներառյալ կասկածելի հաղորդագրությունն ուղարկողին ակնթարթորեն արգելափակելու հնարավորությամբ: Կա նաև ուղարկողի վերաբերյալ բողոք ուղարկելու հնարավորություն։
Հատկանշական է, որ WhatsApp-ը նախազգուշացում է ցուցադրում հնարավոր սպամի մասին անհայտ համարներից ստացված ցանկացած հաղորդագրությունների տակ։ Հավելվածն առաջարկում է նաև որոշ կոնտակտներ նախապես արգելափակելու հնարավորություն: Դա անելու համար գլխավոր էջի «Լրացուցիչ ընտրանքներ» բաժնում պետք է ընտրել «Կարգավորումներ» > «Գաղտնիություն» > «Արգելափակված կոնտակտներ» > «Ավելացնել» > «Որոնել» կամ կարող եք ընտրել այն կոնտակտը, որը ցանկանում եք արգելափակել:
Մոտ ապագայում WhatsApp-ը կստանա ևս մեկ հետաքրքիր նորամուծություն՝ միջպլատֆորմային հաղորդագրությունների աջակցություն, որը տարբեր հարթակների օգտատերերին հնարավորություն կտա տեքստային հաղորդագրություններ ուղարկել WhatsApp-ի օգտատերերին։ Հավելվածի ինտերֆեյսում օգտատերերին հասանելի կլինի «Երրորդ կողմի հետ չատ» բաժինը, որը կցուցադրի այլ հարթակներում օգտատերերից ստացված հաղորդագրությունները և կառանձնացնի դրանք WhatsApp-ի E2EE կոդավորումով պաշտպանված ներծրագրային չատերից: