fbpx
Կառավարություն

ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է եվրոպական կենտրոնի փորձագետներին

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առանցքային նշանակություն է տալիս թմրամոլության հասցրած վնասների վերաբերյալ դեռահասների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանը: Այս համատեքստում Լ. Առաքելյանը նշել է. «Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում են թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ դեղերի և դրանց վնասների ու կործանարար ազդեցության վերաբերյալ բաց դասեր, քննարկումներ, իրազեկման դասընթացներ, դասախոսություններ: Ուսումնական հաստատություններում ցուցադրվում են նաև թեմատիկ ֆիլմեր և տեսահոլովակներ, որոնց միջոցով տեսանելի է դառնում այդ վնասակար միջոցների օգտագործման ծանր հետևանքները մարդու առողջության վրա»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» դասընթացում ընդգրկված են ծխախոտի և թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցության թեմաներով նյութեր:

Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետների խմբի ղեկավար Իլզե Ջակոբսոնը ներկայացրել է, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակը գլոբալ մակարդակով գնահատելու համար կենտրոնը ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերության երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության նոր ծրագրի առաջարկ (EU4 Monitoring Drugs project 2019-2021): Ծրագրի նպատակն է առավել խորքային ծանոթանալ ԵՄ գործընկեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, ռիսկերի գնահատման մեխանիզմներին, նպաստել գործընկեր երկրների կարողությունների զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության փոխանակման, կանխարգելման նոր մեթոդների ներդրման և առաջավոր փորձի տարածման հետ կապված մի շարք հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ