ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «B&P Merchant Bank Per le Imprese» կազմակերպության նախագահ Լուիջի Բոնանդինիի գլխավորած պատվիրակությանը։
Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ իտալացի գործարարը նշել է, որ իտալական 400 ձեռնարկություններում ունի բաժնեմաս և ցանկություն ունի համագործակցության լայն շրջանակներ ստեղծել նաև Հայաստանում։ Նա նշել է, որ իր ընկերությունը, ի թիվս այլ ոլորտների, մասնագիտացած է նաև ենթակառուցվածքների՝ ճանապարհների, կամուրջների, թունելների, օդանավակայանների շինարարության գործում:
Հակոբ Արշակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ներկայում Հայաստանում բազմաթիվ մեծ նախագծեր են իրականացվում, որոնք կարող են հետաքրքրել իտալական կազմակերպություններին։
Նախարարը առանձնակի կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, ներկայացրել դրա տարածաշրջանային նշանակությունը։
Նա ընդգծել է հատկապես Տրանշ 4-ի՝ Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությունը, ներկայացրել շինարարության ընթացքի հետ կապված մի շարք մանրամասներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումից հետո կազմակերպել մասնագիտական երկկողմ քննարկում:
Հակոբ Արշակյանը ողջունել է իտալացի գործընկերների հետաքրքրվածությունը հայաստանյան շուկայում, ընդգծել, որ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական իմաստով նախարարությունը բաց է քննարկումների համար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։