ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր ասուլիս է տվել և պարզաբանել իրենց դիրքորոշումը տարբեր ատյանների դատարաններում կայացվող որոշումների վերաբերյալ: Փաստաբանի կարծիքով` դատարանները ճնշումների են ենթարկվում:
Ալումյանը նաև պարզաբանել է, թե ինչու այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ հրապարակվում էր քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը, պաշտպաններից և մեղադրողներից ոչ ոք ներկա չէր: Պաշտպանն ասել է, որ որոշումը կանխատեսելի է եղել, այդ պատաճռով էլ ո՛չ պաշտպանական կողմից, ո՛չ էլ մեղադրողներից ոչ ոք չկար:
Խոսելով անելիքների մասին՝ Ալումյանն ասել է, որ շատ անելիքներ ունեն, սակայն չեն հրապարակում դրանք, որ անսպասելի լինեն:
«5 գանգատ ենք ուղարկել Եվրոպական դատարան, 6-րդի վրա աշխատում ենք, զուգահեռ աշխատում ենք վճռաբեկ բողոքի վրա, նկարագրական մասն ենք պատրաստում, դատարանի որոշումը դեռ չունենք, որ պատճառաբանական մասին անցնենք, մինչև դատարանը մեզ որոշոմ կտա»,- ասել է Հայկ Ալումյանը: