fbpx
Քաղաքականություն

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր: Սակայն, բոլորը չէ, որ տեղյակ են՝ այդ հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր, ում նախաձեռնությամբ Ռոնալդ Ռեյգանին առաջարկվել էր նախագահական հռչակագրի մեջ ներառել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Հայրս ու մայրս՝ ցեղասպանությունից փրկված հայեր էին, ուստի, հայկական ինքնությունը միշտ կարևոր դեր է ունեցել իմ կյանքում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Խաչիկյանը.

«Ես մեծացել եմ ամուր հայկական ընտանիքում: Հայրս ծնվել էր Ֆրեզնոյում, մորս ծնողները ծագումով խարբերդցի են, իսկ հայրս Չոմախլու գյուղից էր, որը Կեսարիայում է: Նրան հաջողվել էր փրկվել ցեղասպանությունից»:

Մանկությունը Քենեթ Խաչիկյանն անց է կացրել ֆերմայում՝ «իրականում մենք ուղղակի գյուղացի էինք» կատակում է նա.

«Հայկական ինքնության հիմնական հատկությունը, որն իմ մեջ առանձնահատուկ է տպավորվել, աշխատասիրությունն է: Մենք ֆերմա ունեինք շուրջ 60 ակր հողատարածքով, որտեղ աճեցնում էինք ընկույզ ու խաղող, չամիչ էինք պատրաստում: Սակայն, կար ևս մի կարևոր հատկություն. Հայերն իրենց երեխաներին միշտ փորձում են լավ կրթություն տալ»:

Հենց այդ հատկությունն էր, որ օգնեց երիտասարդ Քենեթ Խաչիկյանին Կալիֆոռնիայի ֆերմայից հայտնվել Նյու Յորքի իրավունքի դպրոցում.

«Ես Նյու Յորքում իրավունքի դպրոցի ուսանող էի և նամակ գրեցի այն ժամանակ նախագահի թեկնածու Ռիչարդ Նիքսոնին, ասելով, որ ցանկանում եմ աշխատել ձեզ մոտ, օգնել ձեր քարոզարշավին, ցանկանում եմ օգնել ձեզ նախագահ ընտրվել: Այդ ժամանակ 23 տարեկան էի, և նրանք համաձայնեցին ինձ աշխատանքի ընդունեցին որպես օգնական: 1968 թականն էր, և ես, մնալով ուսանող, նաև սկսեցի աշխատել նրանց մոտ՝ տարբեր տեքստեր էի գրում, տեղեկություններ հայթայթում: Այնուհետև քարոզարշավն ավարտվեց, նա հաղթեց, իսկ ես վերադարձա համալսարան: Ավարտելուց հետո, երբ անցա իրավաբանական քննությունը, ես Վաշինգտոն վերադարձա և 1970 թվականից սկսեցի աշխատել Սպիտակ տանը որպես հասարակության հետ հարաբերությունների մասնագետ, 1973-ից արդեն աշխատում էի նախագահ Նիքսոնի մոտ որպես ելույթների հեղինակ, իսկ երբ նա հրաժարական տվեց, ես նույնպես դուրս եկա Սպիտակ տնից և շարունակեցի աշխատել նրա հետ: Հաջորդ չորս տարիների ընթացքում իրեն օգնում էի հուշերի գիրքը կազմել, իսկ երբ գիրքը հրատարակվեց, անցա մասնավոր աշխատանքի»:

Քիչ անց Խաչիկյանին աշխատանքի է հրավիրում Ռոնալդ Ռեյգանը.

«Նա նախագահի պաշտոնին էր հավակնում և նրանց անհրաժեշտ էր ելույթներ պատրաստող, ով կճանապարհորդեր նրա հետ քարոզարշավի ընթացքում, և ես համաձայնեցի: Մեր միջև շատ սերտ անձնական հարաբերություններ հաստատվեցին, մենք շատ լավ էինք աշխատում միասին, ուստի, երբ նա հաղթեց, ինձ Սպիտակ տուն աշխատանքի հրավիրեց որպես նախագահի ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»:

Ռոնալդ Ռեյգանի հետ իր աշխատանքով Քենեթ Խաչիկյանը հպարտանում է մինչ այսօր: Ասում է՝ Ռեյգանը եզակի էր, միշտ հավատարիմ իր համոզմունքներին ու բարոյական արժեքներին: Հայոց ցեղասպանության եզրը նախագահ Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունը Խաչիկյանինն էր, սակայն, այն քննարկվել, այնուհետև՝ հրապարակվել է որպես Սպիտակ տան քաղաքական որոշում.

«Ամեն տարի նախագահը հռչակագիր է հրապարակում հրեաների ողջակիզման վերաբերյալ: 1981-ին ես որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար գրում էր Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը և ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ ինքս հայ եմ, ճիշտ համարեցի այդ հռչակագիրը քննարկել նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականի հետ, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր»:

«Սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որևէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ