fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Արցախը ներկայացված չէ միջազգային կառույցներում, ՀՀ խորհրդարանն Արցախի ձայնն է այդ կազմակերպություններում: Նա հավելել է, որ ինքը և բազմաթիվ պատգամավորներ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրները մշտապես բարձրաձայնում են հնարավոր բոլոր միջազգային հարթակներում: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցել Արցախի ՄԻՊ-ի հետ:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրները, դրանց վերհանման հարցում կարևորել ՀՀ Ազգային ժողովի և քաղհասարակության դերակատարությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ ՄԻՊ-ի և ԱԺ հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խնդիրների վերհանման և լուծման հարցում: Այս համատեքստում բանախոսը տեղեկացրել է, որ արդեն իսկ արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի հետ:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ չճանաչվածությամբ և Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է, ինչը բացասաբար է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այս համատեքստում Արցախի ՄԻ պաշտպանն առանձնացրել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության թույլ կարողությունների ու ռեսուրսների սակավության հարցը, որտեղ լրջագույն պատճառ է միջազգային շփումների պակասը: «Արցախի և Հայաստանի տարբեր գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցակցություն և փորձի փոխանակումը տեղի է ունենում այս խողովակով»,-ասել է ՄԻ պաշտպանը՝ ընդգծելով, որ նույնը չի կարելի ասել քաղհասարակության մասով. Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս առումով ակտիվ չեն:

Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն դեռևս մուտք չեն գործել եվրոպական և ՄԱԿ-ի համապատասխան մշտադիտարկման մարմինները, միջազգային իրավապաշտպանան կազմակերպությունները, դա հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում:

Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրել է, որ իրենց կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ արձանագրելու համար մարդու իրավունքների այն խախտումները, որոնք պայմանավորված են Արցախի չճանաչվածությամբ և Ադրբեջանի վարքով: Նշվել է, որ ամբողջական փաթեթը՝ կոնկրետ օրինակներով ու խնդիրներով, կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին, այն հնարավորություն կտա միջազգային հարթակներում առավել համակարգված ներկայացնել խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանձնաժողովի հետ աշխատանքի օրակարգ ձևավորել՝ հենվելով ընդունված միջազգային կոնվենցիաների վրա, որոնք վավերացրել է նաև Ադրբեջանը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում դիմելու է ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հասկանալու համար միջազգային կառույցներում ներկայացվելիք խնդիրների համակարգված օրակարգը:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում և հարցադրումներում կարևորել են միջազգային կառույցներում աշխատանքային ծրագրի կազմումը, Հայաստանի և Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների համագործակցությունը, խոսել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման հիմքերի մասին: Արտակ Բեգլարյանն իրազեկել է, որ առաջիկայում Արցախի և ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների ֆորում կազմակերպելու նպատակ կա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ