Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկում է ոստիկանության ծառայողների ատեստավորման երրորդ փուլը, որը նպատակ ունի բարելավել մասնագիտական կարողություններն ու սոցիալական երաշխիքները։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ գործընթացը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ից, իսկ նախապատրաստական աշխատանքները և զեկուցագրերի ընդունումը կսկսվեն 2023 թվականի դեկտեմբերի 16-ին։
Ատեստավորման գործընթացի շրջանակում կառավարությունը հաստատել է դրա անցկացման կարգը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափը։ Ծառայողների համար գործընթացը մատչելի դարձնելու նպատակով մշակվել է հատուկ ուղեցույց։
Ատեստավորման առաջին փուլը մեկնարկել էր 2023 թվականի օգոստոսին, որին մասնակցելու համար զեկուցագիր էր ներկայացրել 1123 ծառայող, սակայն փուլերը հաջողությամբ հաղթահարել էր միայն 408-ը։ Երկրորդ փուլում 2900 ծառայողներից 595-ն էին ստացել ատեստավորվածի կարգավիճակ։ Այս պահին 1900 ծառայող հաղթահարել է թեստավորման ընդհանուր փուլը և մասնակցում է ֆիզիկական պատրաստության ստուգումներին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հանդիպելով նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմին, ներկայացրել է կադրային նոր մեթոդաբանությունը, որը հիմնված է բացառապես կատարողական արդյունքների, բարեվարքության և հանրային ծառայությունների բարձր պատասխանատվության վրա։ Նախարարը խստորեն ընդգծել է, որ հովանավորչությունը և կոռուպցիոն երևույթները չեն հանդուրժվի։
Արփինե Սարգսյանը նշել է, որ կադրային փոփոխությունների նոր մոտեցումը նպատակ ունի ստեղծել թափանցիկ միջավայր, որտեղ մասնագիտական հմտությունները, անաչառությունը և հանրությանը ծառայելու պատրաստակամությունը կլինեն առաջնային։ Նոր մեթոդաբանության նպատակն է նաև ապահովել համակարգի արդյունավետությունը և հանրային անվտանգության որակի բարձրացումը։
Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալները վստահեցրել են, որ իրենց փորձը և կարողությունները ծառայեցնելու են բարեփոխումների իրականացմանը։ Նախարար Սարգսյանը նշել է նաև ձեռքբերումների և բացթողումների վերհանման, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման կարևորությունը՝ բարեփոխումների հաջողությունն ապահովելու համար։