ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր Արմեն Դանիելյանի մոտ:
«Դատախազությունը շահագրգիռ սուբյեկտ է, ես հաստատ ասել չեմ կարող, բայց չեմ բացառում, որ դատախազությունն այս առիթը օգտագործի, քննություն նախաձեռնի և այն ավարտի՝ քրգործ հարուցելը մերժելու որոշմամբ, որ հետո՝ տարիներ անց, կամ գուցե ավելի շուտ, արդեն համապատասխան քրգործ հարուցելը լինի բացառված, որովհետև 2019-ին արդեն կայացված է եղել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում»,- ասաց նա:
Դատավոր Արմեն Դանիելյանը դահլիճին հորդորեց լռություն պահպանել: Դիմելով Ալումյանին՝ նա նշեց.
«Որ Դուք չզայրանաք՝ ներողություն չխնդրեցի, չընդհատեցի Ձեզ»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կրկին դիմելով գործընկերներին, արձագանքելով Ալումյանի հայտարարությանը՝ նշեց, որ եթե հայտնի են հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, թող հայտնեն, հարկ համարեն ներկայանալ, տեղեկություններ հաղորդել՝ թե մեկ ամիս հետո, թե հինգ տարի հետո, թե տասը տարի հետո:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: