Իրավական

ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց Միրզոյանի նկատմամբ մահափորձի մասին հարցին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի հարց ուղղեց, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված մահափորձը բացահայտվա՞ծ է, ու հայտնի են արդյոք պատվիրատուները և կատարողները։

Հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց, որ ընթանում է նախաքննություն ու այդ հարցին դժվար է պատասխանել։ Բայց նշեց, որ կան որպես մեղադրյալ ներգավված անձինք, որոնք ունեն դատաիրավական կարգավիճակ։ Հարությունյանի խոսքով՝ պատվիրատուների ու կատարողների մասով հարցի պատասխանը պայմանավորված է նախաքննության ավարտով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ սպանության փորձը բոլորի աչքի առաջ է կատարվել ու Միրզոյանին բաց են թողել, քանի որ համարել են, թե սպանված է։ Քոչարյանը նշեց, որ կար հրահանգ ու կային պատվիրատուներ և զուգահեռներ անցկացրեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ Քոչարյանի խոսքով՝ նրանք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին ու դա նման էր հոկտեմբերի 27-ին. եթե դա տեղի ունենար, ապա քաոտիկ վիճակ կունենայինք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ