Հասարակություն

Ուժեղացված ստուգայցերով դիտարկվում է անվտանգության կանոնների պահպանումը երկրում․ ԱԱՏՄ

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանում և մարզերում շարունակում է վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։

Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման, դիմակների պատշաճ կրման կանոնները։
Դեղատներում, փակ արտադրություններում, բանկերում խախտումների առավել փոքր թիվ է նկատվում։

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը և մանրէազերմանը։

Ստեղծված իրավիճակում հատուկ ուշադրություն է դարձվում հյուրանոցներին և հյուրատներին։
Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության ավելացումը և թեժ գծով ստացվող ահազանգերը` ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ