fbpx
Հասարակություն

Աբովյան քաղաքում հոկտեմբերի 15-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ

Հոկտեմբերի 15-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ:

Աշխատանքի տոնավաճառին, նախնական տվյալներով, կմասնակցի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 26 գործատու, որոնց կողմից կներկայացվի 965 թափուր աշխատատեղ, որից 358-ը առկա և շուրջ 600 սպասվելիք: Սպասվելիք աշխատատեղերը հիմնականում ներկայացվում է «Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի կողմից՝ հղկող, ալմաստներից ադամանդներ ստացող /նիստավորող/ մասնագիտությամբ:

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Աբովյան քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում սպասվում է մոտիվացիոն զրույց գործատուի հետ՝ «Աշխատանքային մոտիվացիա» թեմայով:

Կոտայքի մարզում 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 9.0 հազար մարդ, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.4 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.2 %-ը կամ 6.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.9 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 67.7 %-ը, կամ 4.2 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.2 %-ը երիտասարդ է, 2.7 %-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 34.7 %-ը՝ գյուղաբնակ:

Աբովյան քաղաքում 2019թ.-իհոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1838 անձ, գործազուրկներինը՝ 1635: Աբովյանի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի, ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների, ֆինանսների և առևտրի բնագավառի, սպասարկման ոլորտի, արդյունաբերության բանվորների պահանջարկը:

Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 128 անձ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ