fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանցի գործընկերներ, մենք մեղավոր չենք, որ դուք կոռումպացված և ավտորիտար պետության ներկայացուցիչներ եք. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ով Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է ԵԽԽՎ նստաշրջանին, քիչ առաջ ելույթ է ունեցել հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» վերտառությամբ զեկույցի վերաբերյալ:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի զեկուցող, տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պարոն Օմցիգին մանրամասն զեկույցի և իր ցանկության համար բացահայտելու այս ողբերգական դեպքի մասին ճշմարտությունը:
Այս զեկույցում ակնհայտ է դառնում, որ այս քրեական գործում առկա է ադրբեջանական հետք, մասնավորապես սա կապված է իշխող կուսակցության և նրանց հետ առնչվող կոռուպցիոն սկանդալի հետ: Առկա են բազմաթիվ կարևոր նշումներ այս զեկույցում, որոնք ապացուցում են, որ առկա է ուղիղ կապ այս դեպքի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև: Որքան ուսումնասիրում ես, այնքան համոզվում ես, որ առկա է ուղղակի կապ Ադրբեջանի իշխող ընտանիքի և հայտնի լրագրողի սպանության մեջ:
Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն սպառնում և հետապնդում է իր լրագրողներին, այլ ավելի հեռուն է գնում՝ հասնելով օտարերկրյա լրագրողներին, ինչպիսին Դաֆնա Կարունա Գալիցիան էր՝ խիզախ լրագրող, որը համարձակվեց բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների մեջ առկա կոռուպցիոն կապերի մի հսկայական շղթա:
Նա զոհաբերեց իր կայքը և նվազագույնը, որ այսօր կարող ենք անել այս բանաձևի ընդունումն է, որով կոչ է արվում արդար հետաքննություն անցկացնել: Ես հասկանում եմ, թե ինչու են որոշ երկրների որոշ պատվիրակներ փորձում խոչընդոտել այս գործընթացին, որովհետև նրանք կարծում են, որ ներկայացնում են իրենց իշխանություններին և ոչ թե ժողովրդին: Մենք պետք է տարբերակենք և հասկանանք, որ վերջիվերջո մենք այստեղ ենք արժեքների, իրավունքների և խոսքի ազատության համար: Մենք այստեղ ենք որպես ժողովուրդների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող լռել այս դեպքի մասին, մենք պետք է համառորեն կանգնենք հանուն արդար հետաքննության, որը կունենա կոնկրետ և շոշափելի արդյունքներ:
Ի վերջո, ադրբեջանցի գործընկերներ, մենք մեղավոր չենք, որ դուք կոռումպացված և ավտորիտար պետության ներկայացուցիչներ եք: Դադարեցրե՛ք մեղադրել հայերին ձեր բոլոր հանցանքներում: Մենք ձեր քավության նոխազը չենք:
Շնորհակալություն»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ