fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել․ փոխնախարար

Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվի փողոցներում շրջել, դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեր հասարակության զարգացվածության աստիճանը ինչքան առաջ է հարևան պետության հասարակության համեմատ:

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին թե ինչպես կգնահատի ադրբեջանցի և հայ լրագրողների փոխադարձ այցելությունները Ադրբեջան, Արցախ և Հայաստան:

Աղբյուրը հիշեցնում է, որ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը, ով մեկն էր Ադրբեջան այցելած երեք հայ լրագրողներից, պատմել էր, որ ադրբեջանցի վաճառողուհին սփրթնել էր, երբ իմացել էր, որ իրենք հայ են և այնպես էր ապշել, կարծես այլմոլորակային էր տեսել։ Իսկ հայկական եկեղեցի այցելության ժամանակ էլ փորձել էին սադրել իրենց՝ ցուցադրելով կադրեր Շուշիի ազատագրումից:

«Մենք ընդունում ենք ի գիտություն Ադրբեջանում Արցախի հարցի շուրջ տրամադրությունները և հզորացանում ենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,-նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե լրագրողների այցերն ինչ արդյունք տվեցին, փոխնախարարն ասաց. «Քանի որ եզակի նախաձեռնություններ են, մեզ փոքր ժամանակ է պետք, որպեսզի դրա հետ կապված ամեն ինչ կարողանանք հստակ ընկալել: Հիմա ուսումնասիրություններ ենք կատարում: Իրենց հետ առանձնազրույց չենք ունեցել»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխայցելություն. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Անդրադառնալով Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգերի մասնակցությամբ միջադեպին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով այն, որ բլոգերը դիտարկվում է նաև որպես Հատուկ ծառայության աշխատակից, Գաբրիել Բալայանն ասաց.

«Բայց ո՞վ է ասել, որ ինքը ստուգված չի եղել այդպիսի լուր ունե՞ք, ոչ մի անգամ չի՞ եղել, որ հայը մտնի այնտեղ, որտեղ որպես բանախոս հանդես գան Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները: Ներողություն եմ խնդրում, Դուք հստակ տվյալներ ունե՞ք, որ հատուկ ծառայության աշխատակից է»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ չի եղել այնպիսի դեպք, որ հայը մասնակցի ադրբեջանական համայնքի հետ հանդիպմանը փոխնախարարն ասաց. «Շատ լավ դա խոսում է ՀՀ բարձր ղեկավարության ժողովրդավարության մասին: Դա դեմոկրատիայի սկզբունքներից մեկն է՝ որևիցե հարց չպետք է անպատասխան մնա անգամ, եթե հակառակորդից է գալիս այդ հարցը: Կարծում եմ՝ համարժեք պատասխանն ստացել է: Ենթադրում էր, որ պրովոկացիա պետք է լինի, պրովոկացիան չստացվեց իրանց մոտ»,-եզրափակեց նա:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանցի բլոգեր ներկայացած տղամարդը հայտնվել էր Միլանի հայկական եկեղեցում, որտեղ ընթանում էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ, նա մոտեցել էր առաջին շարքերին, հարց տալու իրավունք խնդրել, ապա կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ