Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններն ակտիվորեն ընթանում են, սակայն դեռ շատ չլուծված հարցեր կան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը։
Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ։
«Մեր հանդիպումները, օրակարգային բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բավականին ինտենսիվ են, որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում կան որոշակի հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են փոխհամաձայնության գալ:
Բայց, իհարկե, մնում են խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից:
Մենք կառուցողական ենք, բանակցում ենք բոլոր հարթակներում, բոլոր ուղղություններով:
Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակումը և ԼՂ շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»,-ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ներկայում Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է:
«Իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետին։ Իրավիճակը լրջանում է ժամ առ ժամ։ Լեռնային Ղարաբաղը սննդամթերք կամ դեղորայք չի ստանում։ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է։ Եվ եթե մենք չկարողանանք լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բացի հումանիտար աղետից, այս գործընթացը կունենա իր բացասական այլ հետևանքը ևս,- շեշտել է նա»: