fbpx
Տեսանյութեր

00:13 1/10/2019

Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուշադրությամբ եմ հետևում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում: Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք նման ժողովուրդներ ենք, աշխատասեր, շատ տառապանքներ տեսած ժողովուրդներ: Դուք շատ եք նշում և ճիշտ եք նշում այն տառապանքների մասին, որոնք ավելի քան 100 տարի առաջ կրել եք ձեր մաշկի վրա: Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 75-80 տարի առաջ՝ Բելառուսում ֆաշիզմի, ցեղասպանության ժամանակ, հայերին նույնպես բաժին հասավ: Այդ պատճառով պատմությունը շատ նման է, մարդիկ շատ նման են, և մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների կառուցմամբ:

Այսօր մենք, ելնելով մեր ներուժից, ոչ մեծ ապրանքաշրջանառություն ունենք, ինչպես Դուք նշեցիք, բայց այն կարող էր ընդհանրապես չլինել: Ե՛վ ձեզ մոտ, և՛ մեզ մոտ շատերը կարծում էին՝ դե լավ, չենք համագործակցի, Երևանը կհամագործակցի շրջապատող պետությունների հետ, բայց մենք այն ժամանակ ասեցինք՝ ոչ, պետք է աստիճանաբար հարաբերություններ կառուցել: Եվ այսօր՝ արդեն Ձեր վարչապետ դառնալուց հետո, ես նայեցի տվյալները՝ 140 տոկոս ապրանքաշրջանառության աճ ունենք: Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, և ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ ևս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք:

Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել:

Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են:

Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, միգուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում: Մենք պետությունների ղեկավարներ ենք, որոնք պետք է ժողովրդի կամքն իրագործեն: Ես հենց դրանից եմ ելնում: Սա ուղղակի խոսակցություն չէ, Դուք պետք է հավատաք իմ անկեղծությանը և իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ՝ ինչպես հարազատներին, ինչպես եղբայրներին:

Ձեր երկրի նախագահը եկել, հանդիպել էր Բելառուսում հայկական սփյուռքի հետ, նրանց հարց ուղղեց՝ դուք ի՞նչ առարկություններ ունեք իշխանությանը, ոչ մի հայ չկանգնեց և չասեց, ընդ որում, նրանք մեր հայերն են, Բելառուսի հայերը, ասացին՝ մենք հարցեր չունենք ո՛չ նախագահին, ո՛չ իշխանություններին: Այդպես կլինի միշտ»,-իր խոսքում նշել է նա:

Շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Լուկաշենկոյին լավ խոսքերի համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Ալեքսանդր Գրիգորիի, ջերմ խոսքերի համար: Դուք խոսում էիք Սինգապուրի հետ համաձայնագրի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ դա իսկապես ազնիվ է, դա թիմային աշխատանքի արդյունք է, քանի որ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրները, բոլոր կառավարությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շատ ինտենսիվ աշխատել են փաստաթղթի վրա, ոչ միայն Հայաստանն ու Հայաստանի կառավարությունն են աշխատել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Ինչ վերաբերում է ուղղախոսությանը, մենք վաղուց արդեն պայմանավորվել ենք, ես դա շատ եմ գնահատում եմ, շատ բաց ոճ է, և մենք հենց այդպես էլ մշտապես շփվում ենք: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերություններում մութ անկյուններ չլինեն, և մենք միշտ բաց բոլոր հարցերը քննարկում ենք:

Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաև հավաքական շահեր ունենք, և շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել և քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, և ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը և եղբայրությունը զարգանան և գնալով ավելի ու ավելի ջերմանան: Ես դրանում վստահ եմ»:

Վերեվ